Որպես ազգ և պետություն, եթե հաշտվենք այն մտքի հետ, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը՝ այն փառապանծ Հայաստանը, որն ունի Նժդեհ, Մոնթե, Լեոնիդ, որն ունի Շուշիի, Քարվաճառի, Բերձորի ազատագրման փայլուն ռազմական գործողություններ, այն Հայաստանը, որը տոնել և տոնելու է իր հաղթանակը, այլ ոչ թե թշնամու պարտությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը.

«Սեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց։

Ինչո՞ւ նաև իրենց։ Որովհետև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի «Հաղթանակի զբոսայգի», չունի հաղթական հորջորջվող պատերազմի հերոսներ, չունի նույն պատերազմում փայլուն իրականացված որևէ ռազմական գործողություն, այլ ունի հիվանդ իշխանություն և հասարակություն, որոնք իրենց մայրերին և երեխաներին թունավորում են մեր զինվորի խրտվիլակներով և գանգերի «խորհրդանիշ» սաղավարտներով:

Այդ հիվանդ կազմավորման հետ հարատև հաշտություն կամ խաղաղ հարևանություն քարոզողը հիվանդ է ինքը, հիվանդ է մեզ այս ամոթալի վիճակին հասցրած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող և չհեռացող վարչախումբը, հիվանդ կլինենք մենք՝ որպես ազգ և պետություն, եթե հաշտվենք այն մտքի հետ, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը՝ այն փառապանծ Հայաստանը, որն ունի Նժդեհ, Մոնթե, Լեոնիդ, որն ունի Շուշիի, Քարվաճառի, Բերձորի ազատագրման փայլուն ռազմական գործողություններ, այն Հայաստանը, որը տոնել և տոնելու է իր հաղթանակը, այլ ոչ թե թշնամու պարտությունը»։