ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:

Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասել է.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Թե ինչ նպատակ է հետապնդում կամ ինչ հարց է լուծում իշխանություն-ԳՇ նախկին պետ հեռակա բանավեճը, հստակ պնդում դժվար է անել՝ գուցե հասարակությանը կարևորագույն խնդիրներից շեղելու եղանակ են ընտրել, գուցե սա ճնշման ձև՞ է՝ ուղղված Օնիկ Գասպարյանին, կամ առհասարակ Զինված ուժերին, գործող գեներալներին…

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաև, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:

Գեներալ Գասպարյանը հերքել է ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել է Օ․Գասպարյանը:

Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ ղեկավարը չէ, այն, ըստ էության, կներկայացնի ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանի խոսքով, այն պետք է ներկայացվեր մարտ ամսվա ընթացքում՝ ԱԽ նիստում, բայց դեռևս ոչ մի տեղեկություն այդ մասին չկա, չնայած մարտի 30-ին ԱԽ նիստ հրավիրվել է:

Ըստ պաշտոնական տեղեկության, քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 13-ին՝ նշված նույն օրակարգով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: