«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է։ Ճիշտ է, դեռ չեն շտապում հրապարակել՝ վստահ չլինելով, որ ընտրությունները կկայանան, բայց արդեն հստակ է, որ դաշինքում ընդգրկվելու է 2 քաղաքական ուժ՝ ՀՅԴ եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Կլինեն նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց դրանք դաշինքի մաս չեն կազմի։

Օրինակ՝ Արթուր Ղազինյանի գլխավորած «Մեկ Հայաստան» կուսակցությունից մի քանի հոգի կլինի։ Մասնավորապես, ինքը՝ Ղազինյանը, Վլադիմիր Մարտիրոսյանը, Հասմիկ Ենգոյանը, Վահե Դավթյանը եւ լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը կուսակցական չէ, բայց «Մեկ Հայաստանի» քվոտայով կարող է մտնել ցուցակ։ Ղազինյանը չցանկացավ որեւէ բան մեկնաբանել՝ կրկնելով այն միտքը, որ մեկ մարդու ֆեյսբուքյան գրառումը դեռ ընտրության գնալու հիմք չէ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում