Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս շաբաթ։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին մտադիր է հայտարարել հինգշաբթի օրը՝ ապրիլի 22-ին։ Այդ օրը տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը։

Նշենք, որ ինքը՝ Փաշինյանը ապրիլի 14-ին խորհրդարանում ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել ապրիլի վերջին տասնօրյակում։

«Հրաժարականից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ։ Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու, որովհետև սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ այնուամենայնիվ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետի չի ընտրի։ Երկրորդ անգամ նորից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, կրկին վարչապետ չի ընտրվի, Ազգային ժողովը իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին»,- հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հրաժարականից հետո հնարավոր ռիսկերին, նա նշել էր․ «Ովքեր այլ ճանապարհով կգնան և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, դա կլինի քաղաքական ինքնասպանություն։ Ի՞նչ տեղի կունենա, «Իմ քայլը» ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ՝ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի»։

Irakanum.am