Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ. Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ <Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում>:

Դե ինչ, Միխայիլ Աֆանասյեվիչ, ես կզարմանայի, եթե նիկոլական Հայաստանի իշխանությունները հարգեին Ձեր ստեղծագործությունները:

Դա կհակասեր ստեղծագործությունների էությանը, կամ, ավելի ճիշտ, եթե հարգեին, Հայաստանը երբեք նիկոլական չէր լինի:

Հ.Գ. Չկա չարիք առանց բարիք՝ ունեմ առիթ մի քանի բան Բուլգակովից վերընթերցելու»,- գրել է նա։