Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ ապրիլի 20-ին, հանդիպում է ունեցել «Shtigen Energy Systems» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի և նույն ընկերության արցախյան ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացվել վերականգնվող էներգիայի համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերության ընդհանուր գործունեության վերաբերյալ տեղեկություններ։

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի կրած մեծ վնասներին, ինչով պայմանավորված՝ անհրաժեշտ է ողջամիտ ժամկետներում ձեռնարկել միջոցներ էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ։

Վիտալի Բալասանյանը կարևորել է հետպատերազմական ժամանակաընթացքում Արցախում գործարար միջավայրի վերաակտիվացմանն ուղղված քայլերը և ողջունել այստեղ գործունեություն ծավալելու վերաբերյալ «Shtigen Energy Systems» ընկերության ծրագրերը։