Սոթքի հանքի աշխատակիցները, հիմնականում վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը։ Այս պահին նրանք հանդիպում են հանքի տնօրինության հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ 

Նրա խոսքով հանքի վարորդների ամսական աշխատավարձը կազմում է 120-130 հազար դրամ, և այժմ պահանջում են վերանայել այն. «Այս պահին հանդիպում են տնօրինության հետ։ Կարծում եմ՝ համաձայնության կգան ու կաշխատեն»,-նշեց Հակոբ Ավետյանը։

Հարցին՝ արդյոք պա՞րզ է, թե հանքի ադրբեջանական կողմում հայտնված մասից քանի աշխատակից գործազուրկ դարձավ, համայնքապետն ասաց, որ հստակ թիվ չի կարող նշել, բայց կրճատումներ եղել են և շատերն առանց աշխատանք են մնացել։

Անդրադառնալով գյուղում առկա սոցիալական խնդիրներին՝ Հակոբ Ավետյանը նկատեց՝ սոցիալական վիճակը գյուղում երբեք էլ լավ չի եղել.

«Դա ոչ միայն պատերազմի հետ է կապված, այլև բերքի իրացման։ Մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական մթերքներն իրացնեն։ Խնդիրը և՛ շուկայական հարաբերություններ են, և՛ արտասահմանից ներկրվող մթերքը։ Այս պահի դրությամբ գյուղմթերքը հատկապես կարտոֆիլը շատ էժան են։ Դրանից էլ մարդիկ սոցիալապես վատ վիճակում են հայտնվում»,-նշեց Հակոբ Ավետյանը։

Ինչ վերաբերում է արոտավայրերին, համայնքապետը նշեց, որ առաջիկայում ավելի հստակ կլինի, թե որքանով վտանգավոր կամ անվտանգ կլինի կենդանիներին այնտեղ արածացնելը. «Մեր վարչական տարածքից արոտավայրեր չենք կորցրել, ուղղակի դրանք բոլորը սահմանի բերան են և վտանգ են ներկայացնում իրենցից։ Սահմանների պաշտպանված լինելուց արդեն հասկանալի կլինի՝ որքան անվտանգ կլինեն»,-նշեց Հակոբ Ավետյանը։