2020 թվականը դիտարկումների ամբողջ պատմության մեջ երեք ամենաշոգ տարիներից մեկն էր, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, ինչը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին դրդել է հայտարարել, որ աշխարհը «անդունդի եզրին է»:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում ասվում է, որ սա «կրկնակի հարված» է կլիմայական արտակարգ երեւույթներից տուժած միլիոնավոր մարդկանց համար:

«Գլոբալ կլիմայի վիճակի մասին» զեկույցը հաստատում է իր նախնական եզրակացությունները եւ պատրաստ է ապրիլի 22-23-ը ԱՄՆ-ի գլխավորած գագաթաժողովին:

«Մենք անդունդի եզրին ենք… Մենք տեսնում ենք արեւադարձային փոթորիկների, սառցադաշտերի հալման ռեկորդային մակարդակ՝ կապված երաշտի, ջերմային ալիքների եւ անտառային հրդեհների հետ»,- Reuters-ին ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Զեկույցը ցույց է տալիս, որ 2020-ին գլոբալ միջին ջերմաստիճանը մոտավորապես 1,2 աստիճանով բարձր է եղել նախաարդյունաբերական ժամանակաշրջանից, ինչը 2016-ի եւ 2019-ի հետ մեկտեղ այն դարձնում է ամենաթեժը տարվա թոփ եռյակում, չնայած Լա Նինյայի պայմաններում սառչելուն:

Նշված ցուցանիշների մեջ եղել են Արկտիկայում ծովային սառույցի ռեկորդային ցածր չափ՝ 2020-ի երկու ամսվա ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում օվկիանոսների շուրջ 80 տոկոսը զգացել է առնվազն մեկ ծովային ջերմային ալիք:

ԱՄՆ-ում գրանցվել են ինչպես պատմության մեջ խոշորագույն հրդեհները, այնպես էլ ամենամեծ թվով փոթորիկները: Միայն «Լաուրա» փոթորիկը, որը օգոստոսի 27-ին հարվածել է Լուիզիանային, 19 միլիարդ դոլարի վնաս է պատճառել:

Զեկույցում նշվում է, որ Կալիֆոռնիայում Մահվան հովիտը օգոստոսին գրանցել է աշխարհում վերջին 80 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը՝ 54,4 աստիճան ըստ Ցելսիուսի: