Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին հայտարարվեց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո։ Դրանից հետո ու այս ընթացքում քաղաքական ուժերը տարբեր հայտարարություններ են արել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու ընտրություններին, ինչ ձևաչափով, ոչ բոլորն են հստակեցրել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններին մասնակցելու է, սակայն դեռ չեն հստակեցրել արդյո՞ք դաշինքով են գնալու թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով։

ԲՀԿ-ն հստակեցրել է իր մոտեցումներն այս առումով։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին։ Այս կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։

Արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը ևս միայնակ է մասնակցելու ընտրություններին։

Արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը դաշինքով է հանդես գալու։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն երկրորդ նախագահը համագործակցելու է ՀՅԴ-ի և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Վահե Հակոբյանը չի բացառել, որ ՀՅԴ-ի հետ դաշինք կկազմեն, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը։

Արտահերթ ընտրություններին կմասնակցի նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը։ Այստեղ ևս վերջնական որոշում չունեն՝ միայնակ, թե՞ դաշինքով են հանդես գալու։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա կուսակցությունը վերջնական որոշում այս առումով չունի։ Չնայած մեր աղբյուրների փոխանցմամբ կուսակցության անդամներից շատերը կողմ են ընտրություններին մասնակցելուն, ինչին կտրուկ դեմ է արտահայտվել Սերժ Սարգսյանը։ Չնայած որոշ ՀՀԿ-ականներ չեն բացառում, որ անակնկալներ կարող են լինել։

Անդրադառնալով ՀԱԿ-ին և «Ժառանգությանը», ապա նշենք, որ Կոնգրեսից արդեն իսկ հայտարարել են, որ արտահերթ ընտրություններին կմասնակցեն,  իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը։

Հիմնական քաղաքական ուժերից զուգահեռ այս ընթացքում Հայաստանում ստեղծվել են նոր կուսակցություններ, որոնք հիմնականում մեծ դերակատարում ունենալ չեն կարող։ Մարդ- կուսակցություններ են, որոնք ստեղծվել են, «կպնելու» համար այս կամ այն ուժին։ Դրանց շարքում է օրինակ Արտակ Թովմասյանին պատկանող «Երրորդ ուժը»։

Հարկ է նշել, որ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերջնական որոշում կայացնելու է հանրապետության նախագահը։ Իսկ առայժմ քաղաքական ուժերը դիրքավորվում, վերադասավորվում և արտահերթ ընտրություններին պատրաստվում են հիմք ընդունելով Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։

Irakanum.am