Մեր ժողովրդի մի մասը կարոտել են լուրջ կուսակցությունների, հոգնել են իրար վրա ցեխ շպրտելուց, դա հույս է ներշնչում, որ մեր հասարակությունը կարող է առողջանալու ուղղությամբ գնալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

«Որպեսզի քեզ ընդունեն որպես լիդեր պետք է մի քիչ խելահեղ լինես, պետք է հակված լինես հերոսական քայլերի: Այսօր Հայաստանի իրականության մեջ լիդերի պակաս կա: Լիդերները հանգամանքների բերումով են ի հայտ գալիս: Սակայն ընտրությունները միշտ խթանում են այդ պրոցեսը»,-նշեց Միհրանյանը:

Քաղաքագետը նկատեց, որ ձևավորվում է երկու բևեռ, որոնց միջև է լինելու հիմնական պայքարը:

«Մի բևեռը դա Փաշինյանն է, իսկ մյուս բևեռը դեռ ձևավորվում է և ակնհայտ է դառնում, որ նա հակափաշինյանական ուժ Ռոբերտ Քոչարյանն է: Չնայած, կարծիք կա նաև, որ ժողովրդի մի մասն էլ դեմ է և նորերին,  և հներին: Սակայն ես կարծում եմ, որ և Քոչարյանը, և Փաշինյանը պետք է ձգտեն նրան, որ ընտրություն լինի կամ-կամ, դա կհեշտացնի գործը: Եթե ստեղծվի այսպիսի իրավիճակ, պարզ կդառնա, թե ինչի շուրջ է լինելու պայքարը: Հնարավոր չի լինելու բոլորին առնել, միևնույն ժամանակ քաղաքական իմաստով, բաժանումն ակնհայտ է՝ կա պետական մոտեցում, կա կառուցողական մոտեցում և կա իշխանություն, որն ամեն ինչ ձախողել է, սակայն ունի մի որոշ բազա, որին կարողանում է իր կողքին պահել»,- շեշտեց նա:

Միհրանյանն ասաց, որ Հայաստանում հանդիպումների ժամանակ լսել է կարծիքներ, որ կան կուսակցություններ, որոնք ցանկանում են առանձին մասնակցել ընտրություններին, հետագայում այլ կուսակցությունների հետ Ազգային ժողովում դաշինք կազմելու նպատակով։ Սակայն, ըստ Միհրանյանի, դա ձախողված քաղաքականություն է, քանի որ քիչ ձայն հավաքելու դեպքում այդ ձաներն  ուղղակի կփոշիանան:

«Իսկապես հնարավոր է, որ այս ձայները փոշիանան, իսկ դա ի նպաստ քաղաքական աշխատանքի չի լինի: Այդ անորոշությունն անկայուն իրավիճակի կբերի։ Հիմա կարիք կա մի նոր փրկիչի, չնայած նրան, որ հին փրկիչն ամեն ինչ ձախողել է: Երկիրը և ժողովուրդը ազատ անկման մեջ են գտնվում, մարդիկ չգիտեն, թե վաղը ինչ է լինելու, այսպես երկար չի կարող շարունակվել»:

Քաղաքագետն իրավիճակի լուծման համար առաջարկում է ստեղծել աշխատող կառույցներ, որոնք բազմաթիվ խնդիրների  վրա լույս սփռելով կպարզաբանեն, թե աշխատող կառույցներով ինչ արդյունքների կարելի է հասնել։ Միհրանյանի կարծիքով, հակառակ դեպքում, տասնյակ անհայտ կուսակցությունները զուտ կխանգարեն գործընթացին, կկարողանան վերցնել չկողմնորոշված մարդկանց ձայները, ինչն օգտակարություն պարզապես չունի:

«Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը շանսեր ունի: Ժողովուրդը պետք է հասկանա, որ նվաստացուցիչ է, երբ նրա ղեկավարը ծաղրածու և շիզոֆրենիկ է: Այսօր Փաշինյանի թիվ մեկ թշնամին հենց ինքը՝ Փաշինյանն է, նա պետք է իր բերանը փակ պահի,քանի որ այն ինչ անում է նա, աշխատում է իր դեմ»,- եզրափակեց Միհրանյանը: