Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքում գրել է.

«Շուրջ տասը տարի առաջ Անթիլիաս այցելեց թուրք հանրածանոթ պատմաբան՝ Սիսի Կաթողիկոսարանի դատի շուրջ ինձ հետ հանդիպում ունենալու և ապա ցեղասպանության մասին դասախոսություն կարդալու համար: Այցելության մասին հայրս իմացել էր «Վանայ Ձայն» ռատիոկայանից: Պատմաբանի հետ հանդիպմանն էինք, երբ հեռախոսը հնչեց և հայրս բարկացած շեշտով ասաց.

«Թուրքը ի՞նչ գործ ունի Անթիլիասի մէջ…»։

Պատասխանեցի՝ ասելով, որ այս թուրքը մյուս թուրքերին նման չէ, նա քաջությունը ունի հայ ժողովրդի ցեղասպանության մասին գիրք գրելու և մեր դատը պաշտպանելու: Հայրս պատասխանեց՝ ասելով.

«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին…»:

Հեռախոսը դնելուց հետո պատմաբանին պատմեցի իր այցելության պահով հորս խիստ հակազդեցության մասին: Նա ասաց. «Հասկանում եմ Ձեր հոր պոռթկումը, հին սերունդը այսպես է մտածում»:

Անմիջապես ավելացրեցի.

-«Նաև՛ նոր սերունդը, այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր ուրացման և հակահայ քաղաքականությունը»: