Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Այս մասին Tert.am-ի հարցին՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով՝ մանրամասների չի տիրապետում:

«Բորիս Ավագյանը այս պահին Արցախում որևէ պաշտոն չունի, այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ինձ հետաքրքիր չէ՝ երբ է նա ազատվել պաշտոնից: Չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ երբ է ազատվել պաշտոնից »,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի կողմից: Քննարկմանը ներկա էր նաև Արցախի ԱԻՊԾ պաշտոնյա Բորիս Ավագյանը, որը մի քանի հայտարարություններով հանդես եկավ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ քննարկումից անմիջապես հետո, երբ Բորիս Ավագյանը դեռ չի հասցրել հեռանալ խորհրդարանի շենքից, նրան է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։