Դատախազությունը դեմ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումն առանձին քննության առարկա դարձվի ու վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբան, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին։

Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ այն կցվել էր Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա արդեն հարուցված քրեական գործին, մինչդեռ՝ փաստաբանները գտնում են, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Ըստ փաստաբանների՝ դատախազությունը և ՀՔԾ-ն անգործություն են ցուցաբերել, ինչի դեմ բողոք է ներկայացվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանների բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին առանձին քննության առարկա դարձնել ներկայացված հաղորդումը և որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչի դեմ էլ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այն կքննվի ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ։