ՀՀ բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստը նախագահել է Գագիկ Ջհանգիրյանը։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ԲԴԽ 10 անդամներից 7-ը ներկա են եղել նիստին, քվորումի բացակայության խնդիր չի եղել։ Նիստին չեն ներկայացել Մեսրոպ Մակյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված, Սերգեյ Չիչոյանը, որն արձակուրդում է, իսկ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են։

Բեքմեզյանի փոխանցմամբ՝ այսօրվա նիստին պետք է տեղի ունենար Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը, սակայն ընտրություն այդպես էլ տեղի չի ունեցել։ Մասնավորապես՝ Խորհուրդը 4 թեկնածուներից պետք է ընտրեր 3-ին և ներկայացներ ԱԺ, բայց ցուցակը չի կազմվել, ինչպես նախորդ երկու դեպքերում։

Արձանագրենք, որ դատավորի թեկնածու ընտրելու համար անհրաժեշտ էր 6 կողմ ձայն, իսկ նիստին մասնակցել է ԲԴԽ 7 անդամ, այսինքն՝ այդ տեսանկյունից քվորումից բացակայության խնդիր չի եղել, պարզապես, ինչպես հայտնում է Բեքմեզյանը, պատճառը Խորհրդի անդամների մոտեցումն է տարբեր թեկնածուների վերաբերյալ։

«Թեկնածուներից 3-ը պետք է ստանան բավական քանակությամբ ձայներ, որ ցուցակը կազմվի, բայց երեք թեկնածուները չեն ստացել»,- նշեց նա՝ հավելելով, որ ցուցակը չի կազմվել երեք անգամ։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի համար առաջադրվել է չորս դատավոր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվել առ այն, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սրճել վերջինիս հետ և հավատարմության երդում տվել իշխանություններին, ինչը, սակայն հերքել է Կուրեխյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցումից հետո սա ԲԴԽ առաջին նիստն է, որը նախագահել է Գագիկ Ջհանգիրյանը։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման պատճառ է դարձել նրա դեմ հարուցված քրեական գործը։ Ընդ որում՝ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի լիազորությունների կասեցման դեպքում ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Նկատենք, որ խորհրդարանի կողմից նրան ԲԴԽ անդամ ընտրելիս արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ վերջինս ԲԴԽ է գործուղվում՝ ԲԴԽ նախագահ դառնալու համար։