Արցախից արձակուրդ եկած զինծառայողներին, որոնք հետագայում տեղակայվել են Էջմիածնի զորամասում, հիմա տանում են դեպի Սյունիքի ուղղությամբ։ Այժմ ծնողները գնում են այդ ուղղությամբ, որ հասկանան երեխաներին ուր են տանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողների հարազատներից մեկը։

«Մտահոգության խնդիր չէ, այստեղ Սյունիքի հարցն էլ չէ։ Ուղղակի հասկանանք՝ երեխաներին Սյունիք են տանում, թե Արցախ»,- նշեց նա։
Նշենք, որ ծնողներն այս պահին ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանցից մեկը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ եթե չեն զորացրվում, ապա գոնե 6 ամիս ծառայությունից կրճատում են պահանջում։

«Մենք մեր ուժերով կանենք այդ ամեն ինչը, իրենց այդ հոգեբանական խնդիրների հետ կապված կկարգավորենք, կտանենք։ Մեզ ընդամենը պետք է խրախուսանք։ Միթե՞ չի հասնում խրախուսանք, 44 օր իրենք հերոս էին բոլորի համար, այսօր իրենք հերոս են միայն մեզ համար»,- նշեց նա։