Այս խնդիրը քննարկման փուլում է։ Առայժմ չեմ կարող ասել՝ Ադրբեջանն ուզում է ԵԱՏՄ անդամ դառնալ, թե ոչ։ Այս առումով որևէ դիտարկում և ուսումնասիրություն չունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությունը թույլ չտալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։

Հարցին՝ ընդունելի՞ է, որ գերիների վերադարձի պայմանով Ադրբեջանը մասնակցի ԵԱՏՄ նիստին, պատգամավորն ասաց. «Իհարկե ընդունելի չէ։ Ինձ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանն ինչ-որ պայման դնի գերիներին վերադարձնելու համար։ Այդ հարցը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով, և Ադրբեջանը պարտավոր է գերիներին վերադարձնել առանց նախապայմանների։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը շատ ավելի ակտիվ պետք է գործի այս ուղղությամբ, և այդ հարցն օր առաջ պետք է լուծվի»,-նշեց Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորը վստահեցրեց, որ ՀՀ-ն օգտագործելու է բոլոր լծակները, հնարավորություններն ու ռեսուրսները գերիներին վերադարձնելու համար, բայց նրա խոսքով անընդունելի է Ադրբեջանի վարքագիծը, եթե գերիների վերադարձը պետք է պայմանավորի ինչ-որ նախապայմաններով։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է պարտադիր զինվորական ծառայությունը գրավիչ դարձնեն ու այն կրճատեն, Արմեն Խաչատրյանն ասաց, որ ՀՀ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և պետք է վերանայվեն զինծառայության նորմերը. «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ծառայությունն իրականացնելու տարիները պարապուրդ լինեն կամ արդյունավետ չլինեն։ Պետք է առավելագույնս խտացված լինի, զինվորը պետք է ժամանակ չունենա և ամբողջ ծառայությունն անցկացնի ուսուցման մեջ։ Թե հետագայում ինչ մեխանիզմներով դա կներդրվի, ինչպես կիրականացվի, այս պահի դրությամբ այս ուղղությամբ ՊՆ-ն արդեն ռազմավարություն է մշակում»,-ասաց պատգամավորը։