Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեինին,- ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա ելույթում մասնավորապես ասվում է.

2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:

Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:

Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:

Խնդրում եմ մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:
Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում:
Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեմ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և պարզապես անընդունելի։
Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը:
Միևնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր:
Հուսեյնի նման, Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման, Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին:

Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին և ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։
Հարգելի’ գործընկերներ,
Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում ամբողջ աշխարհում:
Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի։