Ռուսական հատուկ ծառայություններին վերագրվող ներգրավվածությունը 2014 թվականին Վրբեթիցե գյուղում ռազմամթերքի պահեստում պայթյունին կարող է բացասաբար անդրադառնալ «Դուկովանի» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մրցույթում ռուսական ընկերությունների մասնակցութան վրա: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Քարել Գավլիչեկը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ եթե պայթյուններում ռուսական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը հաստատվի, դա կարող է ազդել մրցույթի վրա: «Այդպիսի ցանկացած գործողություն, եթե հաստատվի, հետեւանքներ կունենա»,-նշել է նա:

Գավլիչեկը հիշեցրել է, որ մրցույթին մասնակցող օտարերկրյա ընկերությունների մասին որոշումը Չեխիայի կառավարությունը կկայացնի տեղեկատվության հիման վրա, որը նախապատրաստվել է հատուկ ծառայությունների կողմից: Երկրի հակահետախուզությունն ու հետախուզությունն արդեն տեւական ժամանակ պնդում են մրցույթից ռուսական ընկերություններին հեռացնելու մասին, որոնք, ինչպես հաղորդվում է, կարող են պոտենցիալ սպառնալիք ներկայացնել Չեխիայի ազգային անվտանգությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Չեխիան հայտարարել էր 18 ռուս դիվանագետներին վտարելու մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

Դեռ ավելին, նախօրեին հայտնի էր դարձել, որ Չեխիայի կառավարությունը երկուշաբթի կքննարկի հիբրիդային սպառնալիքներին հակազդելու մասին ազգային ռազմավարությունը, որը նախատեսում է հանրապետության կախվածության նվազում «այլ գաղափարական արժեքային ուղղվածություն ունեցող» երկրներից:

Ազգային ռազմավարությունը սահմանում է հանրապետության վրա հիբրիդային բացասական ազդեցությունը՝ որպես պետությունների եւ ոչ պետական սուբյեկտների թաքնված եւ ակնհայտ գործունեություններ՝ ուղղված երկրի եւ չեխ հասարակության ժողովրդական կարգի դեմ: «Իրենց նպատակներին հասնելու համար նրանք օգտագործում են տարբեր միջոցներ՝ քաղաքական, ռազմական եւ լրտեսություն, տնտեսական եւ տեղեկատվական ազդեցություն: Ընդ որում՝ այդ միջոցներից մի քանիսը կարող են օրինական լինել»,-նշված է փաստաթղթում:

Այդ երկրները եւ դրանց շահերը կյանքի կոչող ոչ պետական սուբյեկտները, ինչպես պարզ է դառնում փաստաթղթից, կարող են օգտագործել Չեխիայի կախվածությունն ԱԷԿ-ում նավթի, գազի կամ միջուկային վառելիքի մատակարարումից: Էներգետիկ հումքի այդ տեսակների հիմնական մատակարարն է Ռուսաստանը: