ԵԱՀԿ գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են Ուկրաինայում անվտանգության շուրջ իրավիճակն ու ապաէսկալացիայի կոչ արել:

Վերջին շաբաթների ընթացքում Անն Լինդեն քննարկել է իրավիճակը նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների հետ:

Զրույցի ընթացքում Շմիդը հաստատել է, որ Շվեդիան կշարունակի կատարել իր մանդատը՝ որպես նախագահ, որպեսզի նպաստի ապաէսկալացիային եւ հակամարտությունների կանխարգելմանը՝ ԵԱՀԿ սկզբունքներին եւ պարտավորություններին համաձայն:

«Մենք Գլխավոր քարտուղարի հետ արդյունավետ քննարկում ենք ունեցել Ուկրաինայում եւ դրա շուրջ աճող լարվածության կապակցությամբ մեր մտահոգությունների վերաբերյալ: Մենք ընդգծել ենք, որ անդամ պետությունները պետք է գործեն Վիենայում ստորագրված փաստաթղթի համաձայն, որն առանցքային տարրն է մեր ընդհանուր անվտանգության համար եւ կարեւոր գործիքն է ռազմական ռիսկերը նվազեցնելու համար վստահությունն ամրապնդելու ուղղությամբ, որն ընդունվել է բոլոր անդամ պետությունների կողմից»,-ասել է Լինդեն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ միանում է հետագա էսկալացիայից խուսափելու կոչին: Լինդեն եւ Շմիդը նաեւ մտահոգությամբ արձանագրել են հրադադարի խախտման բարձր մակարդակը: Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է անհապաղ լիարժեք հրադադար պահպանել Ուկրաինայի արեւելքում:

Կողմերը նաեւ քննարկել են Սեւ ծովի որոշ մասերում մուտքի սահմանափակման մասին վերջերս տարածված հաղորդագրություններն ու պատրաստակամություն հայտնել պահպանել շփումներ խնդիրը լուծելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքի համաձայն: