«Ցանկացած երկրում էլ կան սադիզմի ու մարդասպանության հակված մարդիկ, սակայն պատժի ինստիտուտն ու իրավապահների աչալուրջ գործողությունները զսպում են նրանց այդ ձգտումները, և սադիզմն ու մարդասպանությունը չեն խանգարում մարդկանց բնականոն կյանքին։ Ցանկացած հասարակությունում կան հիստերիկներ ու հոգեկան հիվանդներ, սակայն նրանք բուժվում են համապատասխան հաստատություններում, և նրանց թույլ չեն տալիս բարձր պաշտոններ զբաղեցնել։

Ցանկացած երկրում կան տեռորիստներ, ծայրահեղ ազգայնականներ, բայց հասարակությունն ընտրությունների ժամանակ նրանց քվե չի տալիս, և նրանք չեն կարողանում թափանցել իշխանության մեջ։ Ցանկացած երկրում կան անմեղսունակ, անպատասխանատու, անհավասարակշիռ մարդիկ, բայց առողջ և գրագետ, բարեխիղճ ու պատասխանատու անձինք գերակշռում են, և նրանք թույլ չեն տալիս, որ պետության ղեկին հայտնվեն պետության և հանրության համար վտանգ ներկայացնողները։

Ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք տարրական գիտելիքներ ու կրթություն չեն ստացել, ընտանեկան դաստիարակություն չեն տեսել, փողոցում են մեծացել։ Ինչպես կան մարդիկ, որոնք ատում են բոլոր հաջողակներին, խելացիներին, հարուստներին, աշխատասերներին ու գրագետներին։ Բայց հասարակությունը գտնում է բազում եղանակներ, որ սրանց զսպի, սահմանափակի, թույլ չտա առաջ գնալ, որոշումներ կայացնել, իրենց բախտը որոշել։

Այն հասարակությունը, որտեղ խելացիներն ու գրագետները, հաջողակներն ու պատասխանատուներն են որոշում կայացնում, և նրանց հաջողվում է զսպել ու սահմանափակել պակաս գրագետների ու խելացիների գործունեության սահմանները, շահում է։ Այնտեղ, որտեղ անգրագետ, չար, անմեղսունակ, հիմար ու հիվանդ մարդիկ են որոշումներ կայացնում՝ հանրության խելացի հատվածի փոխարեն, կործանում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։