«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ունեցած վերջին ելույթը լի էր պոռթկումներով ու հակասություններով։ Սակայն այդ նույն ելույթում կային տողատակեր, թաքնված նպատակներ, որոնք քողարկելու համար էլ գուցե Փաշինյանն այդպիսի հախուռն զգայականություն էր հաղորդել իր խոսքին։ Մասնավորապես, ի թիվս այլ հակասական հայտարարությունների, կրկին խոսելով թուրքերի՝ թշնամի լինել-չլինելու մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի՞նչ պետք է անենք այս կարգավիճակում, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու, այս կոնտեքստում մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ իրենք և մենք խնդիր ենք դնում ոչնչացնե՞լ միմյանց, սա է խնդիրը, բայց Հայաստանն այսպիսի խնդիր պետք է ձևակերպի»։

Հայտարարության այս մասը նորություն չէր, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մի քանի անգամ խոսել է թշնամական վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության մասին։ Բայց նորություն էր թշնամական հարաբերությունների համատեքստում նրա արած մյուս հայտարարությունը․
«Երկրներ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն: Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, դիվանագիտական հարաբերություններ ունեն, և այլն: Նշանակում է՝ փողոցում, երբ թշնամուն հանդիպում ես, թուր ու թվանքը հանում եք իրար սպանո՞ւմ, կամ 3-րդ երկրում հանդիպելիս իրար տալիս սպանո՞ւմ եք, ոչ իհարկե»:

 

Այս արձանագրումն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը, իր սովորության հանգույն, ամեն ինչ չափում է փողի քանակով՝ թշնամանքը հակադրելով «միլիարդ դոլարների առևտրաշրջանառությանը»։ Սա ևս նորություն չէ․ փողը Նիկոլ Փաշինյանի համար միշտ առաջնային նշանակություն է ունեցել։

Նրա այս հայտարարությունը խիստ ուշագրավ ու վտանգավոր է հենց երեկ մամուլում հրապարակված մի տեղեկատվության համատեքստում։ Մասնավորապես, ռուսական РБК գործակալությունը գրել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) քննարկում է ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու ապրիլի 29-30-ը Կազանում։

Գործակալությանն այդ մասին հաղորդել են երեք դիվանագիտական աղբյուրներ Ռուսաստանից և Հայաստանից։ Լուրը հաստատել են կազմակերպության ապարատից։ Ինչպես գրում է РБК-ն, Բաքուն կարող է Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե Երևանը տա իր համաձայնությունը։ «Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք 5 ամիս առաջ գտնվում էին պատերազմի մեջ, պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ, մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- ասել է  РБК-ի զրուցակիցը Հայաստանի դիվանագիտական շրջանակներից՝ ավելացնելով․ «Այնպես չէ, որ մենք սկզբունքորեն դեմ ենք ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»։

Այսպիսով, կա Ադրբեջանին ԵԱՏՄ հրավիրելու մտադրություն, ինչը ռուսական մտադրություն է և հայտնվում է տարիներ շարունակ։ Մշտապես դրա խոչընդոտ է համարվել Հայաստանի հնարավոր վետոն։ Այսինքն՝ եթե Հայաստանը հրաժարվի վետո կիրառել, Ադրբեջանը որևէ ձևաչափով կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, գուցե սկզբում դա լինի դիտորդի կարգավիճակ, ավելի ուշ՝ լիիրավ անդամությունը։

Ահա այս իրողությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ներկայանում են միանգամայն այլ լույսի ներքո։ Թշնամիների հետ միլիարդ դոլարի առևտրաշրջանառության մասին խոսելով՝ նա ճանապարհ է հարթում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության համար։ Երբ կգա այդ պահը, նա կհայտարարի, որ թշնամանքը՝ թշնամանք, առևտուրը՝ առևտուր, և դեմ չի արտահայտվի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Այդպիսով նա կբավարարի, առաջին հերթին՝ Ռուսաստանի ցանկությունները, քանի որ ԵԱՏՄ-ի ընդլայնումը ռուսական քաղաքականության առաջնահերթություններից է։

Իհարկե, դա չի նշանակում, թե միայն Հայաստանի վետոյի վերացումից հետո Ադրբեջանն անմիջապես կդառնա ԵԱՏՄ անդամ, քանի որ Ալիևն ինքը կարող է վերջին պահին հրաժարվել դրանից՝ մինչ այդ իր հնարավոր անդամակցության հարցի շուրջ շահեկան առևտուր անելով, մյուս կողմից՝ դա կարող է թույլ չտալ Թուրքիան։ Բայց դրանք գործոններ ու հնարավոր զարգացումներ են, որոնք կախված չեն Հայաստանից։ Այն, ինչ կախված է Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն ըստ էության խոստանում է անել՝ մի կողմից՝ գոհացնելով Ռուսաստանին, մյուս կողմից՝ չխոչընդոտելով Ադրբեջանին, եթե վերջինս այնուամենայնիվ նման ցանկություն ունենա։ Չէ՞ որ նա հայտարարել է նաև, որ կարեկցում է Ալիևին, իսկ կարեկցանքը կարող է ծնել նաև հոգատարություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։