Հայաստանի և Արցախի անվտանգությունը հենված է եղել և այսօր էլ հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության վրա: Այս մասին Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչը նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց վերջինս Ադրբեջանի թշնամին չէ. «Ռուսաստանը կատարել է Հայաստանի նկատմամբ բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է ՀՀ սահմաններից ներս»:

Փաշինյանն անդրադարձել է նաև կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

«Պատկերացրեք ՀՀ տնտեսությունն ինչ փոփոխություն կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի ու Ռուսաստանի հետ: Այն մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել, մենք ոչ թե հանքաքար, այլ մետաղ կարտահանենք, պղնձալար, կաբել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: