Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում, գրում է shamshyan.com

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժն պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, որը զինված է եղել։

Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրատվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացու անունը Արմեն է։