Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ է այցելել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը․ միության վարչության անդամների հետ նա նախ հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ, Սյունիքի ԵԿՄ նախագահ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, քննարկեց կատարած աշխատանքն ու անելիքները։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Այնուհետեւ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ԵԿՄ նախագահը հանդիպեց «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի պատանիների հետ եւ խոսք ուղղեց նրանց հայրենիքի, նրա պաշտպանության, մեր՝ միշտ պայքարելու պատրաստ լինելու կարեւորության ու այդ ամենն արդեն դպրոցական նստարանից գիտակցելու մասին։ «Ամեն սերունդ, ցավոք, իր իր պատերազմն է ունենում, մենք վստահ էինք, որ մեր սերնդով այն կավարտվի ու ձեզ չի հասնի, բայց այդպես չեղավ, ու ամեն ինչ պետք է անենք, որ դա շարունակություն չունենա․․․», — նշեց Ս․Միքայելյանը՝ ասելով, որ մեծ ուշադրություն է դարձնելու «Պատանի երկրապահին»։
Հուշահամալիր էին եկել Կապան համայնքի ղեկավարը, երկրապահներ, ազատամարտիկների հարազատներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ կապանցիներ։ Այստեղ հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, ներկայացվեց «Երկրապահ ԿՄ» պատմությունն ու անցած ուղին՝ հիմնումից մինչ օրս։
Իսկ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անմահացած կապանցի հայորդիների կենդանի հայացքների ու Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ տեղի ունեցավ պատանի երկրապահների երդման արարողությունը ու նրանց հանձնվեցին ակումբին անդամագրվելու վկայականները։ Ներկաները նաեւ ծաղկադրում կատարեցին։
ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ ՊՆ գերատեսչական մեդալներ ու ՀՀ կառավարական մեդալներ հանձնվեցին հայրենիքին ծառայություն մատուցած սյունեցի երկրապահներին։
ՀՀ նախագահի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում խոնարհումի խոսք հղեց զոհվածների հիշատակին ու շնորհավորեց ակումբին անդամագրված պատանիներին՝ համախմբման կոչ ուղղելով ներկաներին։ «Մի՛շտ ամուր լինեք այս հողի վրա, սա պինդ հող է, ու այս տարածքն ամենամեծ ռազմավարական նշանակությունն ունի Հայաստանի Հանրապետության գոյատեւման համար», — եզրափակեց նա։
Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց «Երկրապահին» այս 7 ամիսներին Սյունիքի կողքին լինելու ու մինչ այժմ նրա սահմաններին կանգնած լինելու համար, ինչպես նաեւ շնորհավորեց խրախուսանքների արժանացած ԵԿՄ անդամներին։