Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են նաև, որ երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում  ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի  վիրավորում:

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ: