Թշնամին չէր մոտենա մինչև Իշխանաձոր, մինչև Լաչին, եթե պատշաճ ղեկավարվեին զորքերը, մարտական գործողությունները, որովհետև հնարավոր էր կանգնեցնել թշնամուն, բայց դիտավորությամբ Արցախը հանձնվեց,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Հարյուրավոր հայորդիների կորստի, մի քանի տասնյակ զինտեխնիկայի ոչնչացման պատճառ դարձավ «Լելե Թեփե» գործողության վերաբերյալ զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանի հրապարակային հնչեցրած հարցադրումներից հետո նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե արևելյան օպերացիոն ուղղությամբ մեր զինված ուժերն ի վիճակի են «ոչ մի քայլ ետ» տրամաբանությամբ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը և ջախջախել հակառակորդին։ Ապա նաեւ հրապարակվեց ԱԽ նիստի արձանագրությունը, որտեղ գաղտնազերծված էր Օ.Գասպարյանի հայտարարություններից ընդամենը երկու-երեք նախադասություն։ Սակայն ուշագրավն այն է, որ խոսքը վերաբերում էր նախքան պատերազմը՝ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած ԱԽ նիստի մասին, մինչդեռ պատերազմն սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Ասել է թե՝ գործ ունենք պետական ամենաբարձր մակարդակով իրականացված մանիպուլյացիայի եւ կեղծ տեղեկատվության տարածման հետ։

Ավելին, պատերազմի ելքը հիմնականում կանխորոշվել է հարավի ուղղությամբ կրած ձախողումների հետեւանքով, ինչը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստեց նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որը մասնակցել է Ջաբրայիլի ուղղությամբ ընթացող մարտերին։
Ազատամարտիկն ականատեսի աչքերով ներկայացնելով մարտադաշտում տիրած իրավիճակն արձանագրել է, եթե ինքն այս 30 տարիների ընթացքում լիներ ՊՆ նախարար, մարտադաշտում պատկերը տեսնելով՝ չէր ցանկանա երբեք զբաղեցնել նախարարի պաշտոնը, չէր ցանկանա լինել գեներալ։
«Այդպիսին էր պատկերը մարտադաշտում։ Ոչ գեներալ ենք ունեցել, ոչ՝ նախարար»,- նշեց նա՝ պատմելով, որ չի եղել խրամատավորում, ճիշտ կահավորվում, ուժերի կենտրոնացում։

Դառնալով Ջաբրայիլի ուղղությամբ իրականացված մարտերին ու նահանջին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իրենք եղել են Ջաբրայիլի զորամասից 3 կմ հեռու. «Մեզ տեղահանել են՝ ասելով, որ պատրաստվում են հակահարձակման, հետ ենք նահանջում, որ վերադասավորվենք։ Ետ քաշեցինք զորքը։ Երբ հոկտեմբերի 15-ին կամ 17-ին Սյունիքի մարզպետն ասեց, որ պետք է պաշտպանել Զանգեզուրը, հասկացա, որ մինչև Զանգեզուր նահանջել ենք, առանց կռվելու, փոքրիկ-փոքրիկ մարտեր տվեցինք ու եկանք»։

Եղիազարյանը նշեց, որ իրենք այնտեղ գործուղված չեն եղել, ղեկավար չեն եղել, ուստի շատ բաներից տեղեկացված չի եղել։

Նշենք, որ Եղիազարյանի կողմից ներկայացված իրավիճակը վերաբերում է հարավային ուղղությանը. «Դեպի հարավ, դեպի Պարսկաստան ընկնող սահմանն է։ Ջաբրայիլը դեպի Արաքսի սահմանն է, Հորադիզում արդեն նահանջել էին։ Մենք մարտերը դիմավորեցինք այդ կողմում, մենք քողարկում էինք գրոհի տղաներին, գնում էինք դիրքերը… ահագին զոհեր ու վիրավորներ ենք տվել, բայց արել ենք այն, ինչը պահանջվում էր մեզնից այդ պահին, ճակատը ղեկավարվում էր այլ մարդկանց կողմից։ Ես շտաբում չեմ եղել, զինվորի կողքին եմ, նրանց կողքին քնում եմ, նրանց հետ հաց եմ ուտում»։
Ինչ վերաբերում է պատերազմի պարտության պատճառներին, Եղիազարյանը նշեց, որ ամբողջ ճակատով ամբողջ պատերազմի ժամանակ դիտավորությամբ տանուլ են տվել։

«Դիտավորությամբ հանձնվել է Արցախը։ Հիմա որ գեներալն է հրահանգ իջեցրել, որ ղեկավարն է համաձայնել, դա արդեն քննության գործն է, ես շտաբում չեմ եղել»,- նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ կարող էինք կանգնեցնել թշնամուն, եթե իրեն վստահեին Ջաբրայիլի ճակատը, մինչև Իշխանաձոր, մինչև Լաչին ոչ ոք չէր մոտենա, որովհետև հնարավոր էր կանգնեցնել թշնամուն։