Չեմ բացառում, որ քաղաքականություն կմտնեմ, առայժմ նման որոշում չունեմ։ Այս մասին Փաստինֆո-ի եթերում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ արձանագրելով, որ այսօր անորոշության մեջ են ապրում, ոչ մի ոլորտում չկա որոշակիություն։

«Անտերության զգացում կա մեր երկրում։ Սպասելիքները շատ մեծ էին, և այս երեք տարվա ընթացքում որևէ սպասելիք չիրականացվեց, դրա համար այսօր՝ հատկապես պատերազմից հետո, անորոշություն է, ոչ մի բան չի արվում, որպեսզի հույս արթնանա»,- ասել է վաստակավոր արտիստը։

Նրա արձանագրմամբ՝ պատերազմի ժամանակ պարտվել ենք, բայց դա ոչ թե բանակի, այլ քաղաքական պարտություն էր։

«Մի սերունդ զոհվեց մեզ համար, մենք այդ հարցը թողել ենք, մեր գերիների հարցը թողել ենք, լիքը խնդիրներ թողել ենք և ընտրություններ ենք խաղացնում, Ներքին Կարմիրաղբյուրում շատրվանի հարց ենք քննարկում։ Այս անտերությունն ու անորոշությունը թողած մենք քաղաքում ցկցկում ենք», նշել է երգիչը ու ավելացրել. «Մեր պետությունն այսօր արնահոսում է, իսկ մենք չենք ուզում դա տեսնել դա»։

Սիրված երգիչը նկատել է՝ զարթնել է պետք, ամեն ինչ կորած չէ, և մեկ անձով չի որոշվում պետության ապագան։