Պատերազմի եւ դրա ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Օրինակ, վարչապետին հրց տալու ժամանակ մեր գործընկեր Գեւորգ Գորգիսյանը վրդովված ասում է. «Ինչ է նշանակում՝ գեներալները որոշում էին: Դուք բազմիցս հայտարարում էինք, որ դուք եք գլխավոր գերագույն հրամանատարը եւ հիմա փաստորեն գեներալներն են որոշում»:

Այս նորահայտ մեղադրանքը հնչեց այն ժամանակ, երբ վարչապետն ասաց, որ հայտնի ձախողված կամ չիրականացված ռազմական գործողության պլնավորման ժամանակ Ստեփանակեևրտի հրամանատարական կետում համակարգել է հրամանատարների խոսակցությունը, որպեսզի հնարավորինս ճիշտ եւ իրականանալի որոշում կայացվի մասնագիտական խմբի կողմից: «Որպես  ղեկավար համարել եմ, որ պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»,-ասել է վարչապետը: Հիմա փաստորեն, պարոն Գորգիսյանը վրդովվել է, որ գեներալներն են որոշել: Մի ուրիշ դրվագում ԼՀԿ-ին դուր չի եկել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանը միանձնյա է որոշել, ստորագրել, ոչ մեկի կարծիքի վրա չի հենվել, չի բերել խորհրդարան, որպեսզի այդ նեղ պահին մի հատ քննարկենք, տեսնենք՝ ոնց ենք մերժում, հետ ուղարկում: Հիմա ուզում եմ ընդամենը հարցնել, հարգելի գործընկերներ, ինչում եք մեղադրում՝ միաձնյա գործելո՞ւ, թե՞ կարծիքներ հաշվի առնելու համար: Ո՞րն է ձեր մեղադրանքը: Դուք սրանով ավելի եք խճճում եւ քանի որ պատասխանատվության բեռը չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու»,-ասաց Լենա Նազարյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ պատրեազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներից մեկն ասել է՝ «Պարտությունը ձերն է»:

«Այն, որ ինքը պարտվելու ողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե, մոռանում է: Մեղադրում է, ասում է՝ Քարվաճառը հանձնեցիք: Հաջորդիվ մեղադրում է զոհերի համար: Հիմա կողմնորոշվեք՝ ինչո՞ւմ եք մեղադրում, որ Քարվաճառն առանց մի  կրակոցի՞ է հանձնվել, թե՞ որ կրակոցներից մարդիկ են զոհվել: Բայց ես չեմ համարում, որ ձեր նպատակն այս բարդագույն, անմարդկային պատերազմի պատճառներն ու ընթացքի հանգամանքները հասկանալն է ու ծանր հարցերից տառապող մարդկանց օգնելն է: Իհարկե, ես չեմ մտածում, որ դուք մտածողության խեղում ունեք, դրա համար միաժամանակ մեղադրում եք եւ անելու, եւ չանելու մեջ: Դուք որեւէ պատասխանատվություն, որեւէ բեռ ձեր վրա չեք զգում, պարզապես ուզում եք ինքնամոռաց մեղադրել, մեղավոր նշանակել, բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնել: Սա է ձեր նպատակը»,-հայտարարեց ԱԺ խոսնակը:

Նա նաեւ անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքին, որն ասել էր, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պարտվում ենք, բայց վարչապետը պատերազմը չի կանգնեցրել. «Հիմա կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ձյնագրությունը, տեսնի՝ ինչ է խոսվել ԱԽ նիստերում: Մարուքյանն ասում է՝ ոչ, որ ծանոթանակ, ի՞նչ եմ ձեզ ասելու, նկատի ունենալով, որ միեւնույն է իրավունք չունի իմացածը հրապարակելու: Մեզ ոչ մի բան մի ասեք, պարոն Մարուքյան, բայց կարող է վարչապետից այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետեւ ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու: Գուցե պատճառն այն է, որ եթե պարզվի, որ այդ մի հոգին չի մեղավոր կամ միայն այդ մի հոգին չի մեղավոր, ստիպված լինեք կամ լռել, կամ ընդունել, որ այս պատմության մեջ կան այլ պատասխանատու դերակատարներ: Ձեզ պետք է մեկ մեղավոր, մեկ թիրախ, դուք խնդիր չունեք պարզելու իրականությունը, որովհետեւչեք զգում ոչ բեռ, ոչ պատասխանատվություն»,-հայտարարեց Լենա Նազարյանը: