Ոստիկանության զորքերի ծառայող Եղիշե Մարգարյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից էր: Նրա ուսանած գյուղի միջնակարգ դպրոցի հուշապատին այսօր արդեն նաև նրա լուսանկարն է:
Պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Արցախում, տարիներ առաջ ընտանիք էր կազմել, ունի երկու դուստր՝ Սոնան ու Էլենը։

Մարգարյանը ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Շուրջ մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Արցախից հաճախ զանգում էր ընտանիքի անդամներին, ոգևորում նրանց։
Մոտ մեկ ամիս անց վերադարձավ տուն։ Այդ օրերին Երևանում մասնակցում էր համավարակի տարածումը կանխելու միջոցառումներին։ Օրեր անց կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։

Ահեղ մարտեր էին։ Եղիշեն ու ծառայակիցները հայտնվել էին թշնամու շրջափակման մեջ։ Այդ մասին տեղյակ էին նաև Եղիշեի ընտանիքի անդամները։ Նոյեմբերի 7-ի առավոտյան հեռախոսային խոսակցության ժամանակ Եղիշեն քրոջն ասում է, որ ամեն ինչ հարթվել է, շրջափակումից դուրս են եկել։ Իսկ մի քանի ժամ անց զանգում է քրոջ ամուսնուն՝ մենք հետ չենք գալու, երեխեքիս լավ կնայեք…

Եղիշեն զոհվեց Շուշիի մատույցներում։ Նա անմահության ճանապարհն ընտրեց…