Օնիկ Գասպարյանի մոտ առաջնահերթությունների խնդիր է առաջացել, նույնիսկ տեսնելով, հասկանալով և իր կաշվի վրա զգալով ներկայիս իշխանությունների ոչ ադեկվատությունը, տեսնելով նրանց անադեկվատությունը Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերներին՝ նա ամեն ինչ թողած, փորձում է ապացուցել, որ ինքը ճիշտ էր: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բաց նամակին, որտեղ նա դիմել էր ԱԺ նախագահին խմբակցություններին, որպեսզի ստեղծվի 2020թ-ի 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողով:

«Ծիծաղելի է լսել առաջարկ,որ ներկա իշխանությունները հանձնաժողով ստեղծեն, ինչ-որ բան քննեն՝ հաշվի առնելով հենց ԱԽ-ի, իբր, գաղտնազերծումը, որի իմաստը մանիպուլացնելն էր և չմտածող մարդկանց մոտ տպավորություն ստեղծեն, թե իրենք դրանով հերքել են Օնիկ Գասպարյանի պնդումները: Օնիկ Գասպարյանը երեկ էլ ասեց՝ իշխանությունները ստախոս են, բա եթե ստախոս են, ո՞նց է ինքն առաջարկում ստախոսներին ստեղծել քննիչ հանձնաժողով, սա աբսուրդ է»,-ասաց Վրթանեսյանը:

Փորձագետի խոսքով՝ տպավորություն է, որ ինչ-որ զորավարժության մասին Օնիկ Գասպարյանի զեկույցը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմի ընթացքում արված հայտարարություն:

«Երբ այդ զեկույցը ներկայացվել է հենց այդ փուլում Գլխավոր շտաբում զորավարժություններ էին արվում, ամենայն հավանականությամբ, այդ զորավարժությունը փորձում են ներկայացնել որպես պատերազմի ժամանակվա զեկույց:Օնիկ Գասպարյանի համար այս ամենը նորություն չէ, այս մարդիկ սուտասաններ են, այդ մարդկանցիցի ինչ հետաքննություն է պահանջում»,-ասաց Վրթանեսյանը:

Փորձագետը կարծում է, որ ընտրությունների նախաշեմին իշխանությունները խուսափելու են որևէ հանձնաժողովի ստեղծումից և մեղքը փորձելու են բարդել ուրիշների վրա:

«Գող փիսոն քննելու՞ է իր գողությունները, իմաստը դրա»:

Զրուցակցի համոզմամբ՝ եթե ստեղծվի նման հանձնաժողով այս իշխանությունների օրոք, դրա միակ նպատակը լինելու է կամ այլոց վրա մեղքը բարդել, կամ քողարկել իրենց մեղքը։ Դա լինելու է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու գործիք, այլ՝ հերթական քաղաքական գործիքը: «Ես բազմիցս կրկնել եմ, որ ապրիլյան հանձնաժողովը փորձելու են դարձնել մահակ, որով կխփեն գեներալներին, այդպես էլ եղավ: Ամեն անգամ այդ հանձնաժողովի ենթադրյալ բացահայտումներով սպառնում են գեներալներին»,-ասաց Վրթանեսյանը:

Փորձագետը նաև նկատում է, որ այն մարդիկ ովքեր զբաղվելու են պատերազմի քննությամբ, վստահելի չեն.

«Այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվելու են, որքա՞նով է ճիշտ պետության անվտանգության գաղտնի ինֆորմացիան այդ մարդկանց տրամադրել, շատ մութ կերպարներ կան իշխանական ֆրակցիայի կազմում, մարդիկ, որոնք անթաքույց համագործակցել են զանազան օտար ուժերի հետ»

Եթե պատերազմը քննող հանձնաժողովում ներգրավված լինեն իշխանական ներկայացուցիչներ, ապա պատերազմի հանգամանքները չեն կարող արդար քննվել.

«Որտե՞ղ է տեսնված քննության մեջ ներգրավվի հանցագործը որպես քննիչ»,-ասաց զրուցակիցը: