Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով: «Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ տնտեսական վիճակը բավականին բարդ է, երկու երկրների տնտեսություններն էլ էականորեն վնասվել են կորոնավիրուսի հետևանքով: «Մենք պետք է քաջալերենք համատեղ ծրագրերի իրականացումը և նպաստենք դրան, քանի որ տարածաշրջանային համատեղ ծրագրերը միջազգային ներդրողների համար կարող են շատ ավելի գրավիչ լինել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ներկայումս մարտահրավերներով լի ժամանակներ են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ երկու երկրների համար: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ երկուսս էլ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն տարածաշրջանի կայունության, կանխատեսելիության և անվտանգության»,- ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: