Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հնչեցրած իր բոլոր մեղադրանքներում և սխալներում հղում էր անում բացառապես Ալիևի խոսքերին։  Ասում էր՝ Ալիևը չի համաձայնվում բանակցային գործընթացին, ավելին էր պահանջում, նաև ասում էր, որ Ալիևը էլ չի սպասելու, որքան կարելի է նրան խաբել։

«Դա սպասելի է մի մարդուց, որը բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթացել է Ալիևից, այսինքն՝ բանակցությունների հարցում Ալիևն է եղել Փաշինյանի համար հեղինակություն»: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը.

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն, ըստ էության, իր ելույթում ոչ թե մեղադրում էր նախկիններին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը՝ տարիներ շարունակ միջազգային հանրությանը և Ադրբեջանին խաբելու մեջ.

«Փաշինյանն այնքան իրավական և քաղաքական հիմքեր տվեց թշնամուն, որ նրանք կարող են ոչ միայն արդարացնել իրենց ագրեսիան և ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծելու տարբերակը, այլ նաև՝ կարող են հիմանավորել Երևանի և Սյունիքի հանդեպ իրենց պահանջատիրությունը: Փաշինյանը Հայաստանին է մեղավոր դարձրել բոլոր զարգացումների մեջ, դա էլ թշնամական վերաբերմունքի դրսևորներից է»,-ասաց Շահնազարյանը:

Մեր այն դիտարկմանը, որ Փաշինյանը նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին մեղադրել է քաղաքական գործընթացներին խառնվելու մեջ, սակայն ինչպես պարզվեց ԱԺ-ում հենց Փաշինյանն է Օնիկ Գասպարյանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ հանձնարարելով հանդիպել ընդդիմադիր գործիչների հետ, քաղաքագետը ասաց.

«Ինչպես պարզվեց, Փաշինյանը տեղյակ էր Օնիկ Գասպարյանի հանդիպումներից, բայց դա միակ խնդիրը չէր կապված Օնիկ Գասպարյանի հետ։ Փաշինյանը դեռևս դեկտեմբերին ազատությանը տված հարցազրույցում հաստատել էր, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը հայտարարել է ռազմական գործողությունները կասեցնելու անհրաժեշտության մասին, իսկ երեկ ինքն իրեն հակասող հայտարարություններով է հանդես գալիս:

Խոսքի սկզբում, պատասխանելով Մարուքյանի հարցին, Փաշինյանն ասում է՝ ԱԽ արձանագրությունները պետական գաղտնիք են հանդիսանում, բայց բառացի մեջբերումներ է անում այդ գաղտնիք պարունակով փաստաթղթից, բոլորիս աչքի առաջ պետական գաղտնիք է բացահայտում և կարծում եմ դա ևս պետք է հետաքննության առարկա դառնա թե ինչու է վարչապետն իրենց նման բաներ թույլ տալիս»,-ասաց քաղաքագետը:

Հարցին՝ թե արդյո՞ք այս ամենում մեղավոր չէ նաև ընդդիմությունը, զրուցակիցն արձանագրեց մեղավոր է և՛ ընդդիմությունը, և՛ հանրության այն շերտը, որոնք անտարբեր գտնվեցին այս իրողություններում.

«Սա համընդհանուր մեղքի արդյունք է, ինչպես նրա իշխանության գալը, այնպես էլ այս դավաճանությունից հետո իշխանության մնալը: Ընդդիմությունը հետևողական չգտնվեց իր ընտրած շարժման ձևի և բովանդակության մեջ, այսինքն՝ պետք էր շարունակել հանրային ճնշումները, ճիշտ աշխատել հանրության հետ, բայց դա չարվեց, ինչ -որ բաներ, երբ հաջողվում էր, որոշակի արդյունքներ կային, սկզբի շրջանում շատ ուժեր միացան Փաշինյանի հրաժարականի պահանջին, անգամ՝ պետական և հոգևոր այրեր միացան, բայց հանրությունն ավելիին էր սպասում, ավելի ակտիվ գործողություններ էր ակնկալում ընդդիմությունից, որը չարվեց և հանրությունը սկսեց այլ բաների հետ հույսեր կապել:

Հանրությունը ավելի վճռական գործողություններ էր ակնկալում, որին ընդդիմությունը պատրաստ չէր»,-ասաց քաղաքագետը և ընդգծեց, որ այն պահից սկսած, երբ ընդդիմադիր ուժերը համաձայնեցին գնալ արտահերթ ընտրություններին, պայքարը վերջնականապես թուլացավ: