Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր գնացել՝ մասնակցելու կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը: Նրա ելույթը ոչ այլ ինչ էր, քան ինքնապաշտպանական քարոզչական ելույթ, որի ընթացքում Փաշինյանը ոչ միայն թույլ տվեց, այսպես ասած, ռազմաքաղաքական և դիվանագիտական կոպիտ սայթաքումներ, այլև ցույց տվեց ռազմական «այբուբենի», պաշտպանական տարածքների, զորամիավորումների տարրական չիմացությունը:

Այս և պատերազմական տարբեր դրվագներին առնչվող տարբեր հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

– Նախ ընդհանուր գնահատենք վարչապետի ելույթը: Նա պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020 թվականի տարեկան զեկույցը, Ձեզ ի՞նչ է թվում՝ նա հաշվետվություն ներկայացրե՞ց, անդրադարձա՞վ բոլոր խնդիրներին՝ ինչպիսին է եղել տնտեսությունը, կամ ամենակարևոր հարցերից մեկին՝ Քովիդ-19 համավարակի դեմ պայքարն ինչպես է իրականացվել և այլն: Ես կոնկրետ չեմ լսել՝ ինքը տվե՞ց այդ հաշվետվությունը: Ո՛չ: Սա նշանակում է՝ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ ինքը կառավարության ղեկավարն է և կառավարության գործունեության հաշվետվություն պետք է ներկայացնի: Կամ էլ ինքը Ազգային ժողովը համարում է իր ձեռքի կամ իր աշխատասենյակին կից գերատեսչությունը, որին կարող է հաշվետվություն տալ կամ չտալ, միևնույն է՝ իր «ղեկավարած»՝ «ուսապարկերի» խմբակցությունն ամեն ինչ վավերացնելու է և ընդունելու:

Սա խոսում է նրա մասին, որ ՀՀ կառավարման ղեկին կանգնած անձնավորությունը, ընդհանուր առմամբ, շատ հեռու է պետական կառավարման համակարգից, ցածր են նրա գիտելիքները ռազմաքաղաքական որոշումներ կայացնելու, միջազգային և, մանավանդ, դիվանագիտական հարաբերություններում, ինչպես նաև շատ ցածր են նրա գիտելիքները ռազմական ոլորտում: Այդ բոլոր ուղղություններում էլ ինքն այս երեք տարիների ընթացքում պարտավոր էր համապատասխան գիտելիքներ և ունակություններ ձեռք բերել երկիրը կառավարելու համար: Սա իմ ընդհանուր գնահատականն է:

Այսինքն, աշխատելու փոխարեն՝ այս կառավարության ղեկավարն ընդդիմություն է խաղում, կամ արդարացնում է իր ամբողջ գործունեությունը: Իսկ երբ ոչնչով չես զբաղվում, ապա սեփական գործունեության արդարացման միակ ուղին հների քննադատությունն է, սևի-սպիտակի բաժանումը, իմ ու քո անելը: Եթե մենք խորհրդարանական և ժողովրդավարական երկիր ենք, ապա ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը չպատասխանել պատգամավորի (անկախ պատգամավոր, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի.- Մ.Պ.) տված հարցին: Եվ կապ չունի՝ ով է պատգամավորը:

Նա պատգամավորին ասում է՝ «Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»:

Իսկ դո՞ւ ով ես, այ ընկեր, այ սրիկա, եթե չլինեն պետական մեքենաները, ոստիկանությունը քո կողքը, դու՝ որպես միայնակ անձ, կարո՞ղ ես պատասխան տալ քո խոսքերի համար: Դու ո՞վ ես, որ նման տոնով ես խոսում մեր քաղաքացու կամ պատգամավորի հետ: Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության ղեկավարը իր բառապաշարով, լեզվով ցույց տվեց, որ իր համար պետական կառավարման համակարգում գերակա է ոչ թե պետական կառավարման լեզուն, այլ փողոցային, գողական լեզուն, որն ինքն օգտագործում է: Պատգամավորին ասում է՝ «էդ ինչ ճանապարհով եք հասել»․․․ ինքը՝ Փաշինյանը, թող հիշի, թե 2017-ին իրեն ոնց են խցկել ԱԺ՝ «Ելք» դաշինքով: Խոսում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարից, բայց այս տարիների ընթացքում իր լեզուն նույնիսկ ավելի ցածր է, քան քրեական ենթամշակույթը:

– Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան՝ անհեթեթ է համարել պնդումը, թե ինքն է որոշում կայացրել գրավել Լելե Թեփե բարձունքը՝ հայտարարելով. «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ այո, դա պետք է և կարելի է անել»: Այսինքն, խոսելով պատերազմական դրվագների մասին, Փաշինյանը հիմնական պատասխանատվությունը գցեց գեներալների վրա, որոնք այդ ժամանակ որոշումներ կայացնելու իրավունք ունեին:

– Այդ մասով կարող եմ ասել հետևյալը. ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական մակարդակներում, ռազմական ոլորտում օպերատիվ մակարդակում որոշումների ընդունման ընթացակարգեր գոյություն ունեն, և դրանց մեջ չկա «մոդերատոր» հասկացությունը, որ Փաշինյանն ասում է, թե մոդերացիա է արել:

Եթե վարչապետն իրեն համարում է գերագույն հրամանատար, դա նշանակում է, որ որքան էլ քաղաքական գործիչ ես, այնուամենայնիվ, գերագույն հրամանատարի պարտականությունները պետք է ուսանես շատ արագ, մանավանդ պատերազմի ժամանակ: Թող երկրի գերագույն հրամանատարը բացատրի՝ այդ որոշումներն ի՞նչ օղակներում են ընդունվել, կամ ռազմաքաղաքական մակարդակներում, բայց ի՞նչ օղակներում՝ Կառավարությունո՞ւմ, Ազգային ժողովո՞ւմ, Անվտանգության խորհրդո՞ւմ, թե՞ գերագույն հրամանատարի ռազմակայանում, որը իմ ժամանակ ՀՀ ԶՈՒ զարգացման պլանով նախատեսված էր պատերազմի ժամանակ որոշումներ կայացնելու համար: Թե՞ իրենք «ոտքի վրա» են որոշումներ ընդունել, և ոչ թե ԳՇ-ում և ՊԲ հրամանատարական կետի ծառայողական պարտականություններ կատարող զորատեսակների, ծառայությունների ներկայությամբ:

Իսկ միգուցե մի քանի հոգու ներկայությա՞մբ են որոշումներ ընդունել: Այդպիսի որոշումներն ամենավերջին ռազմական մակարդակում պետք է ընդունվեն, ոչ թե ՊԲ հրամանատարի առանձին սենյակում մի քանի մարդկանց մոտ, որոնց մի մասը բանակից, ռազմական որոշումներից բան չի հասկանում, այլ պետք է ընդունել հրամանատարական կետում, դրա համապատասխան վայրում՝ մարտական կառավարման կետում, և ամենակարևորը՝ ընդհանուր օպերատիվ պլանավորման օղակում, որտեղ կա շտաբ, հրամանատար, կան շտաբի բոլոր զորատեսակները, ծառայությունները, որոնք էլ իրենց առաջարկությունները կանեն, և դրանից ելնելով՝ ինքը կարող է բազմակողմանի եզրակացության գալ համապատասխան մարդկանց հետ՝ բանակից, կառավարությունից, ԱԺ-ից և ԱԽ-ից, որից հետո նոր որոշումներ ընդունի: Սա է ընդհանուր ընթացակարգը:

Ավելին՝ ես համոզված եմ, ինքս Արցախում լինելով՝ տեսել եմ, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախում է եղել, երկիրն ու բանակը ղեկավարել են «ոտքի վրա», ոչ այլ կերպ: Եթե որևիցե մեկի ձեռքին նույնիսկ մեկ գրիչ չես տեսնում, որ մեկ բառ, մեկ նախադասություն գրեն որոշումների… Այստեղ ոչ ոք չի ասում, որ մեկ մարդն է մեղավոր, մանավանդ ես ոչ մի անգամ չեմ ասել: Պարտվել է մեր պետությունը, պետության մեջ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բոլոր օղակներով՝ կառավարություն, ԱԺ, ԱԽ, և նաև բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մանավանդ օպերատիվ մարտավարական օղակներում: Այսինքն, անձը չէ այստեղ կարևոր, այլ այն համակարգը, որ պետք է գործեր և տվյալ անձին մի քիչ խելքի բերեր, ճիշտ ուղղություն տար՝ ճիշտ որոշումներ ընդունելու համար: Այս դեպքում որոշումները կլինեին ճիշտ, և մենք նման պարտվողական վիճակում չէինք հայտնվի:

– Գուցե Ձեր ասած օղակներում եղել են ճիշտ որոշումներ, բայց չե՞ն հաստատվել, ընդունվել Նիկոլ Փաշինյանի կողմից:

– Դա արդեն իրենցից պետք է հարցնել, վարչապետին, մնացած օղակների ղեկավարներին պետք է հարցնել:

– Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «իմքայլական» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը տողատակերով մեղադրական սլաք ուղղեց նաև Ձեր որդու հասցեին, թե իբր նա իր անելիքը չի կատարել: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։ Առաջարկը քննարկելու նպատակով Ստեափանակերտում հրավիրել եմ խորհրդակցություն։ ՀՀ ԳՇ պետն էլ միացել է սելեկտորով, քննարկման արդյունքում նա ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և որոշել, թե որքանով է դա իրականանալի։ Գնահատումը պետք է կատարեր ՊԲ հրամանատարությունը։ ՊԲ հրամանատրությունը զեկուցել է, որ կարելի է իրականացնել նման գործողություն։ Օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, բայց ավարտին չի հասցվել, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Այսինքն, այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները»:

Սրա մասին ի՞նչ կասեք, եղե՞լ է արդյոք դեպք, երբ Ձեր տղան համաձայն չի եղել Փաշինյանի որևէ ասածի հետ, մասնագիտական տեսանկյունից դա ճիշտ չի համարել: Ի դեպ, նշված միավորման անվանումը Փաշինյանը սխալ է ասում՝ մոտոհրաձգային, ոչ թե տանկային:

– Ես, ընդհանուր առմամբ, ձգտում եմ այնքան չխորանալ գործողությունների մեջ, որոնք գաղտնիություն են պարունակում, մանավանդ բանակի, մարտական կառույցների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, մարտական գործողությունների այս կամ այն դրվագների վերաբերյալ տեղեկությունների: Պարտության հիմնական պատճառը եղել է այն, որ վերոնշյալ օղակները չեն գործել, և ճիշտ որոշումներ չեն ընդունվել: Իսկ օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակներում շատ դեպքերում ճիշտ հրամանատարական կառույցներ չեն ծավալվել, որպեսզի տեղում ճիշտ ղեկավարում իրականացվեր և լիներ փոխգործակցություն ստորաբաժանումների միջև:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի խոսքին, կարող եմ ասել հետևյալը. ինքը նորից իրավիճակին չի տիրապետում: Նախ՝ մենք չունենք մի քանի տանկային միավորում, որ ասում է տանկային միավորումներից մեկը: Այստեղ ինքն առնվազն չի տիրապետում կամ ստում է: Ինչ վերաբերում է այդ օպերացիային, դրա ժամանակ էլ մենք խնդիրներ ենք ունեցել իրադրության, հակառակորդի ճիշտ գնահատման և ընդհանուր առմամբ համակողմանի ապահովման: Այսինքն, այդ օպերացիայի կատարման համար պայմաններ չեն եղել: Պայմանները թույլ չեն տվել, որ այդ օպերացիան իրականացվի: Որոնք են այդ պայմանները. առաջին՝ հակառակորդը պետք է կանգնեցվի, նրան պետք է հզոր խոցում հասցվի, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք են աջակցություն, նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները:

Այս բոլոր խնդիրները չեն իրականացվել, եթե խոսքը վերաբերում է «Լելե Թեփե» ասվածին:

Ի դեպ, քարտեզի վրա այդ բարձունքը կոչվում է Լալա-Իլյագի, որը մեզ համար որևէ ռազմավարական նշանակություն չունի:

Վերադառնալով քիչ առաջ նշված կառույցների գործողություններին, ապա առաջին հերթին ՊԲ-ն պետք է տա գնահատական, թե այդ գործողությունները որքանով են կատարվել կամ չեն կատարվել:

Իմ որդին այդ գործողությունների ժամանակ վիրավորվել է արդեն մխրճված հակառակորդի մարտավարական խորության մեջ: Նրա վիրավորվելուց հետո ես չգիտեմ՝ կոնկրետ ով է շարունակել գործողությունները, երևի թե իր տեղակալը: Ընդ որում, իր զորամասը ոչ թե տանկային, այլ մոտոհրաձգային միավորում է: Եվ առանձին ստորաբաժանումներ համարյա թե հասել են այդ Լալա-Իլյագի բարձունքին: Պարզապես որքան ես տեղյակ եմ՝ աջ և ձախ թևերը չեն ապահովել, և խնդիրը չի կատարվել:

Այդ ամենը իրադրության ճիշտ գնահատման արդյունքում չեն կատարել, այլ հապճեպ, և դրա համար չի ստացվել: Ինչ վերաբերում է իմ որդուն, այո՛, իմ որդին մասնակցել է այդ մարտական գործողությանը: Գցել մեղքը միայն իմ որդու վրա, երբ խնդիր չի կատարել այն միավորումը, որի տարածքում իրենք պիտի խնդիր կատարեին․․․ Խնդիր չի կատարել ՊԲ-ն և ամբողջ զինված ուժերը, ուստի յուրաքանչյուրն իր օղակում դրա պատասխանատվությունը պիտի կրի: Պետք է կրեն պատասխանատվություն այն մարդիկ, որոնք նախաձեռնել են այդ գործողությունները:

Տեսեք՝ ինքն ասում է՝ այն գեներալը, այս գեներալը, մինչդեռ ինքը՝ որպես գերագույն հրամանատար, պարտավոր է համակողմանի խորանալ ամեն ինչի մեջ՝ մինչև անգամ անձնակազմի պատրաստություն, իրադրության գնահատում:

Ես ունեցել եմ երեք գերագույն հրամանատար՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, որոնք մինչև վերջին մասնիկը խորացել են և միայն դրանից հետո կայացրել այս կամ այն որոշումը: Էլ չասեմ, որ այն հատվածում, որտեղ մխրճում է եղել, այնտեղ մի քանի զորամիավորումներ են գործել: Իսկ եթե զորամիավորումներ են գործում, ապա որոշում ընդունողը, համագործակցություն կազմակերպողը և ղեկավարողն արդեն ԳՇ պետն է, իսկ ԳՇ պետի որոշումը հաստատում է գերագույն հրամանատարը:

Թող ինքը ենթադրություններ անի, ինքը և իր ամբողջ համակարգը:

Եվ մեկ բան էլ իմ որդու վերաբերյալ. ես հազար անգամ ներողություն եմ խնդրում իմ գործընկեր բոլոր գեներալներից, բոլորի զավակներից, բոլորին ես առողջություն և անվտանգ ծառայություն եմ ցանկանում, բայց նա գեներալի միակ որդին է, կամ ես միակ գեներալն եմ, ում որդին վիրավորվել է վերջին պատերազմում, և դրանից հետո միայն շարքից դուրս եկել, կարող եք ցուցակը դնել և նայել: Իսկ թե հետո զորամասը կատարել է, թե չի կատարել խնդիրը, դա արդեն հանրային քննարկման առարկա չէ: Ես նորից եմ ներողություն խնդրում, որ սա ասացի (Սեյրան Օհանյանը պարբերաբար ներողություն էր խնդրում այս խոսքերի համար.- Մ․Պ․): Իմ զավակին ծառայության ընթացքում, կարելի է ասել, ես չեմ աջակցել, ինքն է իր ծառայողական աստիճանով բարձրացել և հասել միավորման հրամանատարի կարգավիճակի:

Փաշինյանն այսպիսի մի ձևակերպում էլ է տվել՝ «ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին»: Նախևառաջ, ես «17»-ի մեջ չեմ, որոնք ձևավորվել են կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթի ստորագրումից և հրապարակումից հետո: Ըստ այդմ՝ 17 կուսակցությունները և ես ոչ մի պետական կամ ռազմական լծակ չենք ունեցել և չէինք կարող ազդել ոչ մի բանակային ստորաբաժանման հրամանատարի վրա: Եթե խոսքն ընդդիմության մասին է, ես այդ ընդդիմության մեջ չեմ, ես ամբողջ կյանքում ծառայել եմ իմ հայրենիքին, ՀՀ-ին, Արցախին, եղել եմ պետականամետ: Եվ այս համատեքստում ընդդիմություն ասվածն ավելի շատ վերաբերում է կառավարության ղեկավարին: Ինքն է առաջին ընդդիմությունը մեր ժողովրդին, պետությանը, և ոչնչացնողն այն արժեքների, որոնք ձեռք ենք բերել 30 տարվա ընթացքում, ինքն է արատավորել մեր ինքնիշխանությունը, բանակը, եկեղեցին, միջազգային ասպարեզում մեր ունեցած համբավը:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ լրջորեն պետք է քննարկենք պրոֆեսիոնալ բանակի անցման հարցը: Հետպատերազմյան պայմաններում մենք ունե՞նք այդ ռեսուրսը:

– Պրոֆեսիոնալ բանակի մասին պլանները, նպատակներն այսօր չէ, որ ծագել են, միշտ էլ եղել են: Երբ Մովսես Հակոբյանը ԳՇ պետի տեղակալ էր, ես իրեն հանձնարարություն եմ տվել, որպեսզի հաշվարկներ կատարի պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար: Իսկ դրա համար միայն անձնակազմը չէ, որ պիտի պրոֆեսիոնալ լինի, կան տարբեր գործոններ, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ բանակի կառուցման համար: Ես գտնում եմ, որ այսօր այդ հնարավորությունները չունենք: Գործում է խառը համալրման սկզբունք, բայց մենք տարեցտարի ավելացրել ենք պայմանագրայինների քանակը զինված ուժերում, որպեսզի նախ՝ հիմք ստեղծենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծման համար, երկրորդ՝ լուծենք սոցիալական խնդիրներ: Վարչապետն ասում է, որ «պայմանագրային բավական մեծ թվով զինծառայողներ ընդգրկված էին մարտական հերթապահության մեջ, բայց մեր պայմանագրայինները 14 օր իրականացնում էին մարտական հերթապահություն, 14 օր գնում, զբաղվում էին իրենց գործերով. մեկը՝ գյուղատնտեսությամբ, մյուսը՝ այլ աշխատանքով, ուստի մարտական պատրաստության բարձրացման հետ կապված աշխատանքները շատ թերի էին և սահմանափակ:

Գոյություն ունի միջազգային փորձ, եթե գոնե Իսրայելի փորձը վերցնենք, կտեսնենք, որ հատուկ ստորաբաժանումներ կան, որոնք իրենց ծառայության մի մասն իրականացնում են իրենց բնակավայրերը պաշտպանելու համար, մի մասն էլ ժամանակահատվածի հատկացվում է գյուղատնտեսությամբ զբաղվելուն, այսինքն, զբաղվում են պետականաշինությամբ:

168.am