ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Մարիան Քլարք-Հաթթինգը, որը Հայաստանի պահանջով վաղաժամկետ դադարեցրել իր առաքելությունը, լքել է Հայաստանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը.

«Մարիան Քլարք-Հաթթինգը լքել է Հայաստանը մարտ ամսվա մեջ։ Մարտի մեջ արդեն ժամանակավոր պաշտոնակատար ժամանեց Երևան։ Հիմա ոչ թե մշտական ղեկավար կա, այլ ժամանակավոր պաշտոնակատար, ազգությամբ ռուս Յուրի Օկսամիտնիյը»։
Հիշեցնենք, որ մարտին մամուլում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար եւ նա հեռացել է Հայաստանից։

ԱԳՆ-ն մարտի 9-ին «Փաստինֆո»-ին պաշտոնապես հաստատել էր, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են, սակայն որպես պաշտոնական պատճառաբանություն նշել թերացումները։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել էր ԱԳՆ խոսնակը։

Հաթթինգի մանդատը հաստատվել էր 2020 թվականի հուլիսին, ու չհասցրեց պաշտոնավարել անգամ 8 ամիս։ Սա առաջին դեպքն էր, երբ երրորդ հանրապետության պատմության մեջ ՀՀ իշխանությունների պահանջով վաղաժամկետ դադարեցվում են միջազգային կառույցի ներկայացուցչի լիազորությունները։ Հենց այս հանգամանքը փորձագիտական համայնքին հիմք էր տվել պնդելու, որ Հաթթինգի լիազորությունների դադարեցման պատճառը եղել է ոչ թե ոչ համագործակցային աշխատաոճը, այլ ոչ պաշտոնական վարկածը՝ բրիտանական հետախուզության հետ համագործակցությունը, ինչի մասին պարզապես Հայաստանի իշխանությունները ձեռնպահ են մնացել բարձրաձայնելուց։

Ի դեպ նշենք, որ մամուլում տեղեկություններ են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ բրիտանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին, ինչը պաշտոնապես առ այսօր չի հերքվել։