Հայաստանում արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները չեն վստահում ԴՆԹ փորձաքննության արդյունքներին։ Նրանցից շատերը դրանում համոզվել են, ունեն ապացույցներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարում է, թե ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որոնց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը։

Փաշինյանը հայտնել էր, թե կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ-ի արդյունքներին եւ իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն՝ հրաժարվելով պետական միջոցներից։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ չեն ընդունում պետական աջակցությունը՝ այլ երկրներ ԴՆԹ փորձաքննության ուղարկելիս, որովհետև եթե իրենց աջակցի պետությունը, իր լուման կունենա, որ ուղարկված պատասխանները նույն կերպ ստացվեն։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բազմաթիվ օրինակներ բերեց, թե ինչպես են զինծառայողների հարազատները ԴՆԹ պատասխանները ստանալուց հետո փաստի առաջ կանգնել։ Շփոթմունքներն ու կեղծիքները շատ են, հարազատները չվստահելու հիմքեր ունեն։

«Մի քանի դեպք է եղել, երբ ստացվել են ԴՆԹ սխալ պատասխաններ։ Ինձ զանգահարում են ծնողներն ու ասում ՝«գիտեք, մեր երեխան կռվել է օրինակ՝ Կարմիր Շուկայում, մարմինը նույնականացվում է, համընկնում եղել»։ Հետաքրքրվում և իմանում են, որ այդ մարմինը հանել են ոչ թե Կարմիր Շուկայի տարածքից, այլ բավականին հեռու մեկ այլ վայրից։ Մարդիկ էլ ասում են՝ «Ո՞նց եղավ, իմ երեխու մարմինը հո ոտքեր չառա՞վ եկավ այդտեղ պառկեց»։ Դրա համար մարդիկ չեն վստահում։ Մեկն էլ զանգահարել էր, պատմում էր, որ նույնականացումը բռնել է, հետաքրքրվել են ու տարբերություն տեսել։ Հետո կրկնակի ԴՆԹ են արել, որի պատասխանով ասել են՝ «Կներեք, շփոթմունք է եղել՝ սխալվել ենք»։ Եղել է նաև դեպք, որ ծնողն այլ ճանապարհով իմացել է, որ երեխան օրինակ՝ գերության մեջ է, իրենք 100 տոկոսով համոզված են եղել, մեկ էլ իրենց զանգահարում, ասում են, որ արի՝ ԴՆԹ-ն բռնելա։ Այդ մարդը արդեն չի վստահում, ասում է՝ ուրեմն մի բան կա, մի բան էնպես չի արվում ու ուղարկում են արտերկիր՝ պատասխանների հիման վրա արդեն իրենց որոշումներն են կայացնում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե «գնացեք երեխաներին դիահերձարաններում փնտրեք», Արսեն Ղուկասյանը նշեց, որ անձամբ նման արտահայտություն ինքը չի լսել։ Դիտարկում է դա, որ վարչապետը անուղղակի հայտնում է, որ անհետ կորած զինծառայողներից ոչ բոլորն են գերության մեջ։

«Մենք հարցնում ենք՝ ինչքան մարմին կա, ինքը թիվ է ասում։ Էնպես է դուրս գալիս, որ վերջ։ Ոնց որ ուղիղ չասի, հեռվից նշմարում է, որ ձեր երեխեքը գերի չեն։ Իր խոսքը ուղիղ չէր, այդպես էր ստացվում։ Ինքը ասում է օրինակ ՝ 126 մարմնի կամ մասունքի նմուշ ապարատների մեջ է, 100 հոգին չի համընկնել, 100 հոգին հրաժարվում է տանել, ապա ասում է անհետ կորածների թիվը։ Ես իր նախկին ասած թվերը գումարում եմ ու դուրս է գալիս, որ 70 դի էլ այլ տեղից պետք է բերենք, որ թիվը լրանա։ Այսինքն, ստացվում է՝ ավել գերի չկա։ Մարդկանց հոգեբանորեն դրան են տրամադրում»։

Նիկոլ Փաշինյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը նաև հայտնել էր, որ 72 գերի է պահվում Ադրբեջանում։ Ղուկասյանն ասում է, որ հաստատված թվի մասին է խոսքը, չնայած ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ։

«Փաշինյանն իրավասու է փոխանցել այն թվերը, որոնք հաստատված են։ ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը հայտնում է, որ 183 մարդու գործով դատարան են տվել, հասկանալու՝ կարո՞ղ են ստիպել Ադրբեջանին նրանց գերեվարված լինելու փաստը հայտնել, բաց Ադրբեջանը հայտնում է, որ գերի չունի։ Դա արդեն քաղաքական ճանապարհներով, կամ այլ պետությունների ճնշումների միջոցով կարող է ստացվի, որ Ադրբեջանը վերջապես ընդունի, որ ավելի շատ գերի կա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ինքը պահում է այդ թիվը և պահելու է մինչև վերջ, որովհետև դա միշտ իրենց շանս է տալիս՝ «տոռգ» անելու համար»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։

Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ անհետ կորած զինծառայողների հարազատներին նախօրեին երկու խմբով ընդունել է ԱԱԾ տնօրենը՝ մի խմբին առավոտյան, մյուս խմբին՝ երեկոյան։