Ես երեկ զարմացա, երբ Փաշինյանն ասաց, թե ինքը կանխատեսել էր պատերազմը, սակայն պետական ինստիտուտներն այլ կանխատեսում էին կատարել, ինչը բնականաբար թուլացրել էր զգոնությունը, և մենք, ըստ էության, պատրաստ չէինք այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Իմ գործընկերները թույլ չեն տա, որ ես ստեմ:

2020 թվականի հունվարից ես ասում եմ, որ 20 թվականի աշնանը ռազմական գործողություններ են սպասվում Հայաստանի ու Արցախի դեմ: Ես գուշակ չեմ, ես կանխատեսում եմ վերլուծությունների հիման վրա: 3 օր եմ սխալվել, հոկտեմբեր էի ասել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Տարոն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, բացի այն, որ Ադրբեջանը ռազմական պատրաստություն էր տեսնում, բացի այն, որ բանակցությունները մտել էին փակուղի, դիվանագիտական կորպուսում մի հետաքրքիր գործընթաց էր տեղի ունենում 2020 թվականի սկզբից. «Եվրոպական միության գրեթե բոլոր պետությունների ԱԳ նախարարություններ պարբերաբար այցելում էին այդ երկրներում գտնվող Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները՝ մեկ թղթապանակով: Այդ թղթապանակում գրված էր, որ Հայաստանն իբր ռազմական գործողություններ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ ու հարվածելու է գազամուղին, նավթամուղին և այլն: Գրեթե ամեն ամիս նման թղթապանակով մուտք են գործել»:

«Ես իմ ընկերական շրջապատով եմ սա իմացել: Մի՞թե իմ ընկերական շրջապատն ավելի մեծ է, քան՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը, կամ հակահետախուզությունը, ոը պետք է գործի ԱԱԾ-ում»,-ասաց նա:

«2020 թվականի հուլիսին, երբ Ադրբեջանը հարձակվեց Տավուշի համապատասխան հատվածի վրա, պատահականություն չէր:

Դրանից հետո ադրբեջանցի դիվանագետներն արդեն երկրորդ թղթապանակով էին այցելում: Դրանում ասված էր, իբր իրենք ճիշտ էին ասում»,-ասաց նա:

Պատգամավորը հարց է բարձրացնում, թե ինչով է զբաղված եղել պետական կորպուսը՝ չհաշված նվիրյալ աշխատակիցներին. «ԱԱԾ-ն ինչով էր զբաղված, սատանաներ փնտրելո՞վ, ընդդիմադիր պատգամավորների հեռախոսները լսելո՞վ: Այդ թվում՝ ինձ»:

Սիմոնյանի խոսքերով, պետական ռեսուրսը պետական նպատականների ուղղությամբ ուղղորդելու փոխարեն ուղղորդվում է այլ բանի ուղղությամբ: