Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ առաջարկել է վերականգնել Ղարաբաղն ու «բարձրացնել Հայաստանի տնտեսությունը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ կարգավորել կոնֆլիկտը:

Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից: Կայքը հղում է կատարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերին, ով հայտարարել է, որ համապատասխան առաջարկությունը հայկական կողմին փոխանցվել է իր միջոցով:

Լուկաշենկոն աշխատանքային այցով Բաքվում էր գտնվում ապրիլի 13-14-ը, ուր բանակցություններ է վարել Ալիևի հետ: Հանդիպման ավարտից հետո երկու երկրների նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին:

«Ես, իհարկե, երբ արդեն նախագահ չլինեմ, շատ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչքան լավ բաներ է Իլհամ Հեյդարովիչն առաջարկել հայ ժողովրդին ու հայկական ղեկավարությանը՝ այս կոնֆլիկտը կարգավորելու համար: Առաջարկներից մեկն էլ այն էր, երբ նա ինձ ասաց՝ «Լսիր, դու հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ասա, որ ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև զարկ տալ Հայաստանի տնտեսությանը… Ես դեռ նույնիսկ այն գումարը չեմ նշում, որ պատրաստ եմ վճարել անմիջապես: Փոխանցիր նրանց, որ այս հարցը խաղաղ կարգավորեն»»,- պատմել է Լուկաշենկոն՝ ներկայացնելով իր ու Ալիևի միջև ավելի վաղ կայացած զրույցի մանրամասները:

Ինչպես նշել է Լուկաշենկոն, տվյալ պահին նավթի մեկ բարելի գինը գերազանցում էր 100 դոլարը:

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակայնորեն այդ մասին խոսում: Եղել է նման բան, բայց Փաշինյանից առաջ եղած նախկին ղեկավարությունը հրաժարվեց դրանից»,- հավելել է Լուկաշենկոն