Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում այսօր 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է:

Նա նաև հայտնեց, որ սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր 54 համարի երթուղայինում տղամարդ է դանակահարվել, որը տեղում մահացել է։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին ավելի վաղ հայտնել են, որ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նշված փողոցում երթուղայինի մեջ մարդ են դանակահարել, ապա՝ հաղորդում է ստացվել նաև շտապօգնությունից, որ հայտնաբերվել է տղամարդու դի։ Նշենք, որ մեր նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում, որտեղ այդ պահին աշխատանքներ էր իրականացնում քննչական խումբը ։