Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել ԱԽ նիստի արձանագրության այն հատվածը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի համապատասխանում ԳՇ նախկին պետի հայտարարությանը։

«Կարծում եմ, շատ լավ առաջարկ է․ համենայնդեպս, այն, ինչ որ այսօր ասացի, կարող եք համարել բառացի մեջբերում Օնիկ Գասպարյանի ելույթներից»,- Մարուքյանին ի պատասխան՝ ասաց վարչապետը։

«Դրանք գաղտնի փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են»,- հավելեց նա։

«Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին, և ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ, ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի ժամանակ հանդիպում է ունեցել նրա հետ․ դա եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո»,- նշեց վարչապետը։