ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։