ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այն բանի համար, որ Փաշինյանի թիմակից պատգամավորները ծափահարում են վարչապետի ելույթին այն դեպքում, երբ պատերազմի հետևանքով կան հազարավոր զոհեր և գերեվարված հայրենակիցներ:

«Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի և Արցախի ապագային, դա ձեր խնդիրն է: Եվ ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում: Այդ ոնց եք եկել, այդտեղ նստել ընդհանրապես, այդ որտեղից եք եկել: Ով եք: Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Դուք ընդհանրապես այդտեղ նստած հարց տալու իրավունք չունեք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ, այո, իրենք ծափահարում են բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ապագային և ծնկաչոք են հիշատակում նահատակներին: