Գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում իր մասով արված հայտարարությունը, ըստ որի՝ գեներալ-գնդապետը (խմբ․՝ ի նկատի ունի Մովսես Հակոբյանին) ռազմական գործողությունների ժամանակ փորձել է հանձնել Արցախի 7-րդ պաշտպանականի շրջանները, և վարչապետի որոշման շնորհիվ է, որ այն մինչև այժմ Արցախի ՊԲ տիրապետության տակ է։

«Նա հոգեկան հիվանդ է և ստախոս։ Պրակտիկորեն ո՞վ եմ ես և ի՞նչ կարող եմ անել։ Թող ապացուցի, թող քրեական գործ հարուցի։ Ես պաշտոնատար անձ չեմ, հանձնող չեմ, ղեկավար չեմ, որոշում կայացնող չեմ»,- 24News-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը։

Գեներալը հերքեց մեկ այլ հայտարարություն ևս, համաձայն որի՝ ինքն է առաջարկել Լելե-Թեփեն գրավելու գաղափարը։

«Նման բան չկա։ Ես այդտեղ չեմ եղել»,- տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։

Հիշեցնենք, որ  այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանրության շրջանում քննարկվող «շահարկումներին և ապատեղեկատվությանը», հայտարարել է, որ բարձրաստիճան գեներալն է առաջարկել Լելե-Թեփեն գրավելու միտքը՝ ասելով, թե կարելի է անել, սակայն «ինքն այդ մասին կարծիք ընդհանրապես չի հայտնել»։