Սահմանադրական դատարանը ջախջախեց ՀՀ արդարադատությունը, ջախջախեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին, թարմացրեց մեր վերքերը։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ նշեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Եթե ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացնում, բա հանցանքը ի՞նչ եղավ, չէ՞ որ հանցանքը կա, 85 հատորը կա, մեղավորները կան, ինչո՞ւ դատաքննություն մտելու նույն օրը ՍԴ-ն հոդվածի հակասահամանադրականության որոշում կայացրեց, այստեղ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում»,-ասում է Սարգիս Քլոյանը։

Քլոյանը պնդում է՝ ՍԴ-ն հայ ժողովրդի առաջ բացեց դժոխքի դռները․

«Այնպիսի քայլ արեց, որպեսզի ՀՀ-ում լինի քաղաքացիական պատերազմ, ինչ որ ուզում է Ռոբերտ Քոչարյանը։ Մենք հույս ունենք, որ հունիսի 20-ի ընտրություններով կփոխվի կառավարական համակարգը, Սահմանադրությունը և օրենքները։ Մարտի 1-ի էջը բացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փակելու է ժողովուրդը»։

Քլոյանը համոզմունք ունի, որ այսօր դատական համակարգի վրա ճնշում գործադրում են նախկին իշխանության ներկայացուցիչները։

Ինչ վերաբերում է ներկայիս իշխանության կողմից ՍԴ անդամների ընտրությանը, Քլոյանն ասում է՝ սխալվել են։