Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, եթե 97-98 թվականներին ՀՀ-ն ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որը նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը կլիներ՝ երաշխիք տալով, որ ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:

Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:

Եթե ԱԱԾ-ն 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին ու Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին»,-հայտարարեց Փաշինյանը:

«Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը նույնիսկ քննարկելը: Մինչդեռ 2018 թվականին սեղանին եղել է բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է այսպես. «հռչակագիր ԼՂ հակմարտության կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այո Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցն օգտագործելով, իշխանության հասնելուց հետո 20 տարվա ընթացքում տանուլ է տվել բանակցային գործընթացը. «Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակը տանուլ են տվել, խուրդել են, մանրել են Բադեն-Բադեններում, Փարիզներում, հունական կղզիներում հյուրանոցներ կառուցելով ու ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, բանակաշինության դաշտում՝ ոտքի վրա բանակի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների եւ ընդհանրապես պետության զարգացման հարցում»: