Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ-ի մասով հայտարարությանը։

«Ծանոթացա Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությանը: Դետալներին կանդրադառնամ հետո, քանի որ տողատակերն ու մեսիջները աներևակայելի շատ են:

1. Հիմա մի բան է ակնհայտ: Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով, և ես շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար: Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպես կողմ: Ակնհայտ է՝ համանախագահներն էլ դա չեն ուզում:

2. Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ՝ նոր ֆրոնտ, աշխատելու համար:

3. Ֆիքսում ենք անհամեմատ ավելի վատ ստարտային պայմաններ, քան ունեինք:

4. Ֆիքսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ուղիղ մեջբերման բացակայությունը:

5. Ֆիքսում ենք, որ այս բանակցությունները այս իշխանությունները նույնպես տապալելու են (ինչպես և ամեն ինչ վերջին 3 տարիներին), և մտածում ենք մեր ապագա անելիքների մասին:

6. Եվ ամենակարևորը՝ «համանախագահները ընդգծում են, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար` կողմերի կողմից քաջ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», այսինքն՝ Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է»,-գրել է միջազգայնագետը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Համանախագահները կրկնել են նաև ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը՝ այստեղ։