Հինգ կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Հանրապետության նախագահից ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

«2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգն աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից: Այս հարցը, թերևս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է:

Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաև շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչն արձանագրել են թե՛ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՛ փորձագետներ և թե՛ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռևս սկսված 2016 թվականից:

Թեև ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա:

Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարևորագույն առաջարկներ, որոնց ընդունումը ևս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ

1. Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում,

2. Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումն առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում:

Սույն հայտարարությունն ստորագրում են հետևյալ քաղաքական ուժերը՝

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Միավորված Աշխատանքային կուսակցություն»: