Ապրիլի 13-ին «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Մարտուն Սիմոնյանի «Գոռը» գիրքը։ Սա երիտասարդ գրողի առաջին ստեղծագործությունն է։

Irakanum.am-ի հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ գրքում ամփոփված են Արցախյան երկրորդ պատերազմի դժվարին օրերի, մայրերի սպասումների ու տառապանքի, արդարացված ու չարդարացված հույսերի մասին պատմող «Գոռը» վիպակն ու «Երկնքում կհանդիպե՞նք» էգզիստենցիալ հարցեր շոշափող պատմվածքը։

Առաջաբանի հեղինակն է բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու Ներսես Աթաբեկյանը։ Գրքի կազմի լուսանկարների հեղինակներն են պատերազմական գործողություններին հայտնի պատկերներ որսացած Սիփան Գյուլումյանը և լուսանկարիչ Սոնա Բարսեղյանը։

Նշենք նաև, որ Մարտուն Սիմոնյանը ծառայում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում, կոչումով ոստիկանության կապիտան է։

Ձեզ ենք ներկայացնում նաեւ վիպակը։

Գոռը
28․09.2020 Աշխատասենյակի պատուհանից դուրս՝ Չարենցի փողոցում մի որձ շուն էգի հետևն ընկած համուզում է նրան տրվել։ Խրամատում ծվարած մի շուն էլ, ականջներում պայթյունների դժժոց, լիզում է ականի բեկորից վնասված թաթը՝ չիմանալով, որ աշխարհում անհոգ շներով լի Չարենցի փողոց կա։ Ինչ-որ բան գրել-չգրելու ներսիս տևական պատերազմն ավարտվեց սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, երբ իրական պատերազմն արդեն սկսվել էր՝ զոհեր, ապաստարաններում խաղալիքներն ամուր գրկած փոքրիկներ, հիվանդանոցների պատերի տակ արյուն հանձնելու եկած մարդկանց հերթեր, պատրաստակամությունից արիացած դեմքերով Արցախ մեկնող կամավորներ, ոգևորություն, հուզմունք, բամբասանք։ Տագնապիս ու հպարտությանս մարտում հաղթում է երկրորդը, ու ջրակալած աչքերով նորից հիանում եմ առաջնագիծ շտապող գործազուրկի հայրենասիրական երգով, որ հիացրել է նաև իր նմաններով լի ավտոբուսի բոլոր ուղևորներին։ Դեռ երեկ բանկերի առաջ հերթերում իրար միս ուտող մարդիկ վարակվել են պատերազմի համաճարակով ու մեկտեղվել։ Արևածագը առաջս դրված Մարկեսի «100 տարվա մենության» չափ մոտ է, բայց անկանխատեսելի, ինչպես երեկ էր։ Օրս սկսեցի ստով․ հորաքրոջս ասացի, որ Արցախի ոստիկանության գործընկերներս ճշտել են՝ որդին ողջ-առողջ է ու ընկերների հետ շարունակում է պաշտպանել մեզ։ Հավատաց։ Չհուզվեց․ արդեն հուզված էր։ Որոշեցի ամեն օր էլ խաբել՝ հավատալով ստիս հաղթանակին։ Մի օր կխոստովանեմ կամ գրածս կարդալով կիմանա, որ շատ եմ խաբել իրեն․ որդուց որևէ տեղեկություն չեմ կարողացել իմանալ ու մայրական սիրտը ուժեղ մատների արանքում ճզմվող հողի պես կրկին կփխրվի։
29.09.2020 Չնայած ոչ մի, նույնիսկ՝ կցկտուր լուր չունենք Գոռից, բայց ներսիս մարդն ասում է, որ նա Մռովի վրա կանգնած է՝ դեմքով դեպի պատերազմը, մեջքով՝ փոքր մարմնի հետևում կուչ եկած խաղաղությունը։ Ներսիս մարդուն հավատում եմ․ սրտիցս է խոսում։
30․09․2020 Այսօր լուրեր տարածվեցին, թե զոհվածների սև ցուցակից մի քանիսը ողջ են։ Տղերքը մտել են թաքստոց ու աննկատ մնացել տարածքում հայտնված թշնամուց։ Տառապող մայրերին այս մասին հայտնել են ՊՆ-ից ու նոր կյանք մղել անցած ժամերի տագնապներից ցամքած սրտերին։ Հրաշք մարդիկ են զինվորների մայրերը։ Ստերիցս թև առած հորաքույրս ինձ հանձնարարում է՝ Ռուսաստանում ապրող քրոջս ասեմ, որ Գոռը զանգել է։ Ես նրան եմ խաբում, նա՝ իր համար սրտացավ մարդկանց։ Այսօր, այնուամենայնիվ, մի քանի ճանապարհով պարզեցինք, որ Գոռն, ամենայն հավանականությամբ, ողջ է։ Տեղեկությունը ժամանակավորապես կանգնեց հոգիներումս տագնապի նոր ուղիներ բացող որդի ճանապարհին։ Հետո պիտի հասկանայինք, որ որդի համառությունը միջազգային հանրության անտարբերության պես վճռական էր։
01․10․2020 Հերացու փողոցից սկսեց սառնություն, տառապանք ու անզորություն փչել։
02․10․2020 Ամենազգայուն սրտերը զինվորների մայրերինն են։ Դրանցից մեկն էլ 7 օր որդու ձայնը չլսած հորաքրոջինս է։ Այսօր էլ խաբեցի, թե Գոռից տեղեկություն ունեմ։ Հեռախոսով խոստովանեցի՝ ինչու մինչ այս չեմ զանգել՝ կապը մեսենջերով պահելով։ Որդու մասին խոսելիս կոկորդս բերնեբերան լցվում էր։ Եթե զանգեի ավելի կծանրացնեի տագնապի բեռից կուչ եկած սիրտը։ Հասկացավ։ Ասաց, որ Գոռի մանկության ընկերներից մեկը Հադրութում զոհվել է, ու չկարողացավ շարունակել։ Այսօր էլ սև ցուցակ հրապարակվեց։ Այն կարդացող հազարավոր սրտեր բերանից դուրս թռչելու չափ փքվել են, մի քանիսը, հարազատ անուն տեսնելով, նաև՝ պայթել։ Ամեն զոհվածի հետ զոհվում ենք, ամեն ապրողի հետ՝ ապրում։ Վերջին 30 տարում Հայաստանում և Արցախում տառապանքը չի ծերացել, չի փոխվել․ մայրերն ու որդիներն են ուրիշ։ Գրում եմ, բայց աչքս հեռուստացույցին է։ Էլի բնակավայր են հրետակոծել, զոհեր ու վիրավորներ կան, մի տղամարդ քայլում է տան ավերակների վրայով։ Ցցված երակներով ձեռքերը դողում են։ Արցունքներն աչքերից շատ չեն հեռացել․ մխրճվել են դեմքի փոշու մեջ ու կլանվել՝ ճիշտ թշնամու պես։ Հաջորդ ռեպորտաժի «հերոսը» հրետակոծված Ստեփանակերտն է․ ննջարանում արյան հետքեր են, ցաքուցրիվ խաղալիքներ, պատուհանին ամրացված Արցախի դրոշը մթության մեջ փողփողում է․ հաղթելու ենք։
03․10․2020 Հայ զինվորը շարունակում է արյուն մղել մայր հողի՝ հրետակոծությունից ծակծկված սրտին։ Նոր սև ցուցակ հրապարակվեց․ 51 մոր աղոթք խլացավ պայթյունների ձայներից։ Մտածում եմ՝ ո՞վ կլինի այն համարձակը, որ կասի նրանց բոթը, ի՞նչ բառերով կասի։ Խելագարվելու է, ծանր է, անտանելի ծանր։ Սոնան մտավ աշխատասենյակ ու կրկին հարցրեց Գոռի ազգանունը․ ցուցակում երեք Գոռ կար։ Սիրտս էլի շունչը պահեց։ Այս պարզ հարցին չգիտեի ինչ պատասխանեի։ Ի վերջո պատասխանեցի, ժպտաց ու գնաց։ Այսօր էլ ոչ մի տեղեկություն չկարողացա իմանալ ու կրկին խաբեցի հորաքրոջս։ Լսեց ու ասաց, որ Գոռը դիրքերից իջած մի կամավորականի միջոցով փոխանցել է, որ լավ է ու թող չանհանգստանան։ Ոգևորվեցի։ Հորաքրոջս ասացի, որ վերադառնա միասին կծեծենք՝ անձամբ չզանգելու համար։ «Դու ծեծի, իսկ ես ոտքերն եմ պաչելու»- պատասխանեց ու չկարողացավ շարունակել։
04․10․2020 Բանտում պատիժը կրող ադրբեջանցի հանցագործների ազատվելու հույսը պայթյունից բարձրացած սնկի պես մեծացավ ու խառնվեց երկնքին։ Շուշիի մշակույթի տան ռմբակոծության ու ոստիկանության ծառայողների զոհվելու լուրը հրթիռի արագությամբ հասավ Երևան։ Պատերազմի գետը լայնանում ու երկարում էր՝ նոր օջախներ ավերելով։ Մի օր գետը կցամաքի, ու խաղաղության արևի տակ նոր մրցավազք կսկսվի՝ պատերազմի համար ինչ-որ բան արածների վազքուղում։ Սրտակեղեք ստատուս գրածները, համահայկական հիմնադրամին երկու կոպեկ փոխանցածները, զորավարժարաններում սելֆի արածները, պատերազմի օրերին հայրենասիրական երգերը մինչև վերջ քոքած ու եռագույնը բեռնախցիկին փակցրած մեքենաներով քաղաքում զվռնողները անողոք պիտի մրցեն։ Իրար արժանի մրցակիցներ։ Եթե հաղթենք, հենց նրանք են հաղթանակը ձեռքից ձեռք խլելու ու բզկտելու, ինչպես սոված շները առաջները նետված թարմ մսի կտորը։ Պատերազմի հանդիսատեսները կդառնան մասնակից, մասնակիցները՝ հանդիսատես․ լուռ, առանց ավելորդ աղմուկի՝ ինչպես որ կռվել են։
05․10․2020 Այսօր իմացա, որ հորաքրոջս տագնապը հասել է գագաթին․ սիրտը, արևից հալչող սառույցի պես, կաթիլ-կաթիլ փոքրանում էր։ Սիրտ չարեցի էլի խաբեմ․ զգում էի, որ շատ արհեստական կխաղամ։
06․10․2020 Զգացողություն ունեմ, որ եթե Գոռը ողջ մնա, էլ երբեք չի մեռնելու։
07․10․2020 Նոր սև ցուցակ հրապարակվեց՝ երեք Գոռով․ ոչ մեկը մերը չէր, բայց նաև մերն է։ Նոր բոթերը «կամիկաձեների» պես կսավառնեն երկնքում, կգտնեն տղերքի տներն ու կավերեն։ Ճահճի մեջ թաղված տանկի պես ծանր օրեր են, երբ զինվորի զանգը գյուղերում տոն է դառնում, երբ հայրը որպես կամավոր գնում է Արցախ ու զոհվում՝ զինվոր որդուն չտեսած, երբ մեկ ռումբի պայթյունը որդեկորույս այրի է դարձնում մի կնոջ։ Մռովի դիրքեր հաց հանած տղերքն այսօր իջել են՝ հեռախոսահամարների բեռով։ Զանգել են զինվորների ծնողներին ու փոխանցել սիրտ տվող խոսքեր։ Երջանիկ հայրերից մեկն էլ հորաքրոջս ամուսինն էր, որը լավ լուրը մատաղի պես բաժանեց բարեկամներին։ Մի կտոր էլ ինձ հասավ։ Գործընկերներս աչքալուսանք տվին։ Նրանց աչքերում իրական սրտացավություն տեսա։ Զանգեցի հորաքրոջս։ Կարոտած զրուցում էինք, երբ գործընկերս՝ Մովսիսյան Արան, իմացավ, որ հրետանավոր որդին շարունակում է կռվել։ Զինվորի հոր դեմքին ժպիտ եկավ։ Հորաքույրս խնդրեց՝ աչքալուսանք տամ։ Ենթարկվեցի։ Հետո խոստացավ, որ նրա որդու համար էլ կաղոթի։ Այսպիսին են զինվորների մայրերն ու հայրերը՝ պարզ ու անկեղծ, որդիների ողջության լուրերի սպասող և այդ լուրերից բարիացող։ Նստում եմ համակարգչի առաջ։ Համացանցը հեղեղված է զոհվածների լուսանկարներով։ Այնքան սիրուն ու հոգատար են նրանց աչքերը։ Այդ աչքերից շատերը «ապրիլյան» պատերազմն էլ են տեսել։ Համացանցում նաև բանակի հաջողությունների մասին իրարամերժ լուրեր կան։ Ազգովի դիմավորում ենք անորոշության հերթական գիշերը՝ նույն կազմով արթնանալու հուսառատ սպասմամբ։
08․10․2020 Պայթելուց 12 օր անց պատերզամն այլևս դադարեց անցնել Շուշիի զարդի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կողքով։ Տիրոջ վեհաշուք տաճարի հրետակոծությունը օրվա ամենաանտանելի լուրերից էր։ Րոպեներ հետո հեռուստատեսություն ու համացանց հասան վիրավոր Ամենափրկիչի կադրերը․ տեղահան եղած նկարում Քրիստոսն է՝ Աստվածամոր գրկում, դեմքը փոշոտ է, ինչպես հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանինը։ Այսօր վերջնականապես հայտնի դարձավ՝ Ալբերտը զոհվել է։ ՊՆ-ի պատրաստած ռեպորտաժից հետո նա դարձել էր բոլորիս հարազատը։ Մենք սիրեցինք նրան, սիրեցինք նրա հոգատար ու հանգիստ աչքերը, մրի ու փոշու մեջ կորած դեմքը։ Ալբերտը զոհվեց՝ չիմանալով, որ սիրում ենք իրեն, չմանալով, թե որքան երախտագետ աչքեր են դեռ նայելու մրի ու փոշու մեջ կորած դեմքին։
10․10․2020 Մարդասիրական հրադադար։ Լուրը տարածվեց նույնքան արագ, որքան պատերազմի սկսվելունը։ Արցախի սարերում ու ձորերում ընկած տղերքը վերջին անգամ կդառնան տուն՝ առաջին անգամ չզգալու մայրական համբույրները։ Տեսնես երկուսից ո՞ւմ համար է պահն ավելի դժվար լինելու։ Ժամերի ընթացքում պարզ դարձավ, որ մայրերի ու որդիների հանդիպումը հետաձգվում է։
11․10․2020 Վերցնում եմ հեռախոսը, հավաքում Գոռի համարն ու հազարերոդ անգամ լսում՝ «բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ․․․»։ Անտարբեր ձայնը հազարերորդ անգամ ասում է, որ իմ ամենակարևոր բաժանորդն իր պաշտպանած դիրքերի պես անհասանելի է։
12․10․2020 Պատերազմի աղմուկը խլացրեց նաև մանկան ճիչերը․ քանիսը զոհվեցին՝ այդպես էլ չիմանալով, որ հայր են դարձել։ Լուռ զոհված հայրերի անունները կրող փոքրիկները հետո կիմանան այդ մասին ու վրեժը երևի նորից կծնվի։ Քանի հայր գնաց Արցախ՝ որդուն թիկունք լինելու, և տեղ չհասավ։ Զինվոր որդին հետո կիմանա հոր նվիրման մասին ու վրեժը երևի կապրի։ Քանի հայր կաթված ստացավ՝ զինվոր որդու զոհվելու բոթը լսելուց։ Քանի հայր որդու բզկտված մարմինը հողը դնելիս հիշեց, թե ինչ դժվար էր մեծացրել նրան, կերակրել ու հագցրել, առաջին բառերով հրճվել, գիրկը նստեցրել ու մեքենա վարել սովորեցրել, իր չկատարված երազանքները նրան տվել, որդու գժություններից զայրացել ու նախատել, սիրել, հպարտացել ու կարոտել։
14․10․2020 Երևանն անժպիտ է․ սուլթանի առաջ մենակ կանգնած հայը սպասում է ցարին և արդեն որերորդ անգամ։ Անցյալից եկող ծանոթ զգացողություն է․ սովորությանը չես հաղթի։
15․10․2020 Մենք սովորում ենք պատերազմի հետ ապրել կողք կողքի․ սարսափելի համակերպում։ Երևանում ամեն քայլափոխի հիշում ես, որ պատերազմ է։ Աբովյան փողոցի «SAS»-ի մոտ փող մուրացող տատին, որ 10 ու 20 դրամանոցներ տվողներին հայհոյում է ու կոպեկները շպրտում, սկսել է հայրենասիրական բանաստեղծություններ արտասանել՝ անվճար: Տնտեսագիտական համալսարանի մոտի գետնանցումում նվագող պապին, «շահագործվելուց» մաշված թառով, սկսել է «Զինվորի երգը» կիսատ-պռատ նվագել։ Փոքրիկները բակերում կռիվ-կռիվ խաղալիս սկսել են երկինք նայելով այս ու այն կողմ վազել, որ «բեզպիլոտնիկի» զոհ չդառնան։ Փողոցներում օր օրի ավելանում են սև ժապավենները։ Սև ժապավեններով փաթեթավորված Երևանում հասկանում ես, որ Արցախում հերոսության թելերով նոր պատմություն է գործվում՝ վառարանում չայրվող պատմություն։
18․10․2020 Կրկին հրադադար ու կրկին մարդասիրական։ Պատերազմի անձրևը չդադարեց․ տառապանքը շարունակում էր սնկի պես աճել։
20․10․2020 Բանակի հաղթանակի նկատմամբ վստահության օր օրի հանգչող խարույկն այսօր նորից բոցկլտաց։ Սյունիքի մատույցներ հասած թշնամու նահանջի և կորուստների մասին լուրերը խարույկ նետված չոր փայտեր էին։ Կրակի շուջը կրկին մարդաշատ դարձավ․ հավաքվեցինք տաքանալու։ Օրն ավարտեցի հորաքրոջս խաբելով․ ներսիս մարդը կրկին գոռաց՝ Գոռը չի զոհվել։
22․10․2020 Պատերազմը մեզ սովորեցրեց աղոթել՝ հաճախ ու անկեղծ։ Շատերն Աստծո հետ ծանոթացան հենց ռազմի դաշտում՝ երբեք չբաժանվելու խոստմամբ։ Այսօր սև ցուցակ չհրապարակվեց, բայց պատերի տակի խոսակցություններից էլի ռազմաճակատի հարավի մահահոտն է փչում։ Հյուսիս-արևելքից դեռևս հույս է բուրում ու ես զգում եմ Գոռի շնչառությունը։
25․10․2020 Ընկերուհուս տաքուկ անկողնում պառկած միրգ եմ ուտում ու կարոտում Գոռին։ Մտածում եմ՝ ինքն ո՞ւմ է ամենաշատը կարոտում, ի՞նչ է խոսում Աստծո հետ։ Ականջներումս նրա հարազատ ձայնն է։ Ձայնից կարոտս մեծանում է։
27․10․2020 Երբևէ պատահե՞լ է, որ տաք ջրով լողանալիս ջուրն անակնկալ սառի։ Նման զգացողություն ապրեցի վարչապետի լայվից։
03․11․2020 Մռովից իջած մի կամավոր զանգել է հորաքրոջս ամուսնուն ու ասել, որ որդին ողջ է ու դեռ դիրքերից չեն իջնելու։ Մեր հույսը հողաթմբի դեմ առած ջրի պես կանգնել էր։ Այս զանգը բահի պես հարթեց խոչընդոտը, և հույսը շարունակեց հոսել դեպի նոր մարգեր, դեպի նոր օրեր։
04․11․2020 2000-ականների սերունդը գրոհել է Եռաբլուրը և օր օրի ավելի համառ շարժվում է Իսակովի պողոտայի ուղղությամբ։ Նրանց նոր տները «շինվում» են տրակտորով։ Տրակտորավարի հոգնած դեմքը հուշում է՝ տղերքը շատ են, ժամանակը՝ քիչ։
06․11․2020 Գրում եմ գիշերը։ Մոտ երկու ժամ կլինի, որ Գոռն արդեն 20 տարեկան է։ Հորաքրոջս տանը բոլորով մտանք հիշողության այգին՝ կարոտի բերքահավաքի։ Այգում տեսանք մանուկ, պատանի ու զինվոր Գոռին։ Հիշողությունը ծանրացրեց կարոտի բեռը, որը տանում ենք իրար օգնելով։ Վստահ ենք, որ Գոռը կվերադառնա ու բեռը կվերցնի սրտներիցս։ Առավոտյան իմացա, որ մի արցախցի զանգել է հորաքրոջս ամուսնուն ու ասել, որ Գոռը «լյավ ա»։
08․11․2020 Տաքսիստներն անխնա օգտագործում են «ՆԱՏՕ» հապավումն ու «հինգերորդ սերնդի պատերազմ» կապակցությունը։
10․11․2020 Շուշին ընկավ։ Երեկ երեկոյան համացանցում պաշտոնապես տարածված լուրը սրտին մխված դանակ էր։ Ուժգին հարվածից հավատքի մարմինն ընկավ ու կարմիր հույսը հոսեց ոտնատակ՝ հասնելով ամենահեռավոր գյուղերը։ Ժամեր հետո այդ մարմինը պիտի սառչեր՝ տղերքի՝ բաց երկնքի տակ մնացած դիակների պես։ Հետո պիտի զինադադարի համաձայնության լուրը տարածվեր։ Իրական ցասում, պատեհապաշտություն, նաև գործող իշխանությունների հետ ունեցած հին հաշիվները մաքրելու վճառականություն արտահայտող դեմքեր պիտի մտնեին Կառավարություն՝ զայրույթը ապակիների, դռների, աթոռների, սեղանների ու Մարտիրոս Սարյանի գլխին թափելու։ Հետո զայրույթը պիտի գերագո՜ւյն-գլխավո՜ր հրամանատարին փոխանցվեր։ Հափշտակված ժամացույցների ու օծանելիքների ցավագին կորստյան ստվերում փողոց դուրս եկած մարդիկ շարունակեցին մինչև լուսաբաց հայհոյել։
11․11․2020 Արցախի նոր քարտեզը հրապարակվեց։ Հայելի էր, որին նայելով տեսանք՝ հայրենիքի մարմնից մի մաս կտրվել է։
12․11․2020 Պատերազմի ավարտը բազմապատկեց տագնապը, սպասումը, կարոտը։ Հիմա Գոռին սպասելն ավելի դժվար է։ Օրվա ընթացքում «ինչու չի զանգում» հարցի բազմաթիվ պատասխաններ եմ մոգոնել․ տաղանդս սպառվել է։ Լուսաբացը Գոռի մանկության պես մոտ է․ չեմ էլ հասցնի նկատել՝ ինչպես կմեծանա արևը։ Այդպես էլ եղավ, ու սկսվեց մեղավորների որոնման նոր օրը։ Ցերեկը Ազատության հրապարակը լցվեց։ Դժվար է ասել՝ հայրենիքն են ավելի շատ սիրում, թե՝ Նիկոլին ատում․ երկու դեպքում էլ հիմնավոր պատճառներ կան։ Ժիգուլիով հանցավորության դեմ պայքարող համակարգիս կյանքում ոչինչ չփոխվեց։ Մենք էլի Ազատության հրապարակում ենք՝ այս անգամ հավաքվածները մեզ կոչում են Նիկոլի շներ։ Սիրուն ու կրքոտ ելույթներին հաջորդեցին ձերբակալությունները։ Հետո արևն ու ցուցարարները ցրվեցին։
13․11․2020 Ազգը, սիրելի խաղալիքը կորցրած երեխայի պես, լալիս է՝ ֆեյսբուքում, պատերի տակ, թաքուն, հրապարակավ։
14․11․2020 4750․ այսօր տարածված զոհերի թիվը արնահոսող վերքին լցված պղպեղ էր։ Պղծված Ղազանչեցոց, գոմի վերածվելու ճանապարհը բռնած եկեղեցիներ, այրվող տներ, գաղթականների քարավաններ, բեռ ու բարձի հետ վերցված հարազատների ոսկորներ․ չոր աչքով ապրելը գերմարդկային է։
16․11․2020 Անհետ կորած զինվորների ծնողները հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց։ Հայրերը հեկեկում են՝ հուսահատ աչքներին աշխարհի ամենաանկեղծ արտասուքն է։ Ծանր, շատ ծանր տեսարան է։ Նրանք որդիների դիրեն են ուզում։ Ուզում են, որ որդիները գերեզման ունենան․ ահավոր ցանկություն է։ Նրանք հոգնել են հույսի ու անհուսության արանքում ապրելուց․ ուզում են կա՛մ հուսալ, կա՛մ՝ ոչ։
17․11․2020 Քարերից կապված քաոսի մարմինը ժամ առ ժամ ավելի է սուզվում անորոշության ավազանում։ Իշխանությունը նոր «զոհեր» է փնտրում, «զոհերը»՝ նոր իշխանություն։ Նախագահի այսօրվա ելույթը փայտերի թացությունից չբորբոքվող կրակին լցվող բենզին էր։ Կրակի շուրջը վաղն ավելի շատ մարդ պիտի հավաքվի։
19․11․2020 Անհուսությունից հույս տանող լուր Արցախից։ Գոռի ընկերներից մեկը զանգել է հորաքրոջս ամուսնուն ու ասել, որ որդին դեռ Մռովում է և սարից կիջնի մոտ օրերս։ Հորաքույրս, կարծես, հաղթում է իր ճակատամարտը։ Հաղթանակի լուրը արագ ազդող դեղի պես տարածվեց նրա զինակիցների մարմիններում։ Աչքալուսանք տվեցի ու անջատեցի հեռախոսը։ Չեխովի փողոցում էի՝ գերմանացի ռազմագերիների՝ նախորդ դարում կառուցած կարմիր շենքերի հատվածում, ու ծեր մարմնի պես ծռմռված, անհրապույր այս շենքերն այնքա՜ն գեղեցիկ թվացին։
25․11․2020 «Պապ, ես եմ»․ ու 60 օր որդու ձայնը չլսած հոր սիրտը պիտի փուլ գար, անբարդույթ մանկան պես պիտի ձայնով լացեր, տաք արցունքները պիտի լվանային ընդամենը րոպե առաջ անվերջանալի թվացող տագնապից ու տառապանքից փոշոտված դեմքը։ Գոռի զանգի լուրը մի քանի րոպե անց հասավ նրան սպասողներին։ Հավաքվեցինք հորաքրոջս տանը՝ նրա ծնունդը նշելու։
26․11․2020 Դժբախտ ու երջանիկ հայրերի ու մայրերի տագնապի և տառապանքի մասին դեռ շատ պատմություններ կգրվեն։ Ականատեսները կպատմեն արնաքամվող զինվորների վերջին լռության մասին, համարձակները գրի կառնեն։ Դեռ երկար երթեր, մոմավառություններ ու բախումներ կլինեն։ Դեռ շատերը կգոռան՝ շուրթերին Արցախ, սրտում՝ քրտնած աթոռներ։ Կառավարության, ՊՆ-ի, ցարի դեսպանատան առաջ դժբախտ հայրերն ու մայրերը դեռ երկար Աստծուն կհայհոյեն, երջանիկներն ավելի կսիրեն։ Թարմ փշեր կբուսնեն Եռաբլուրում ու չեն հասցնի փարթամանալ․ հոգոտար ձեռքերն արմատախիլ կանեն։ Տղերքի տապանաքարերին տաքացող մողեսները դեռ շատ սերնունդներ կտան ու կսատկեն։ Դեռ շատ աննվագ հարսանիքներ կարվեն։ Հին սովորությանը գերի ժամանակը կանցնի, բայց Հերացու փողոցից դեռ երկար տառապանք, անզորություն ու չարություն կփչի։
08.12.2020 Գոռը վերադարձավ տուն։ Վրայից պատերազմի հոտ էր գալիս։ Դեռ նրան չեմ ասել, որ էլ երբեք չի մեռնելու։