Այսօր՝ ԱԺ նիստում, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունը կատարող Վաչե Քալաշյանը հայտարարեց, որ պատերազմին կամավորության սկզբունքով մասնակցած պետական պաշտոնյաները կպարգևատրվեն։

«Կատարվող փոփոխություններով առաջարվում է որոշակի սոցիալական երաշխիքներ նախատեսել որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ ընդգրկված և պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար։ Մասնավորապես, այդ փոփոխություններով նախատեսվում է, որ որպես կամավորական մարտական գործողություններում ընդգրկված և պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունն այդ ժամանակահատվածում պահպանվի»,- ասաց Քալաշյանը։

«Մյուս երաշխիքը, որ նախատեսվում է այս փոփոխություններով, ենթադրում է, որ որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ ընդգրկված անձանց, այդ ժամանակահատվածը ներառվի կիսամյակային հաշվետվություններով և կատարողականի արդյունքներով պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում»,- նշեց նա։