Պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները շրջափակել են մարզպետարանի շենքը եւ թույլ չեն տալիս, որ մարզպետարանի աշխատակիցներն ու մարզպետը դուրս գան շենքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված պահեստազորայինի մայրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։

Նրա փոխանցմամբ, իրավիճակը լարվել է, ոստիկանությունը  բռնի ուժ կիրառելով, փորձել է  մարզպետարանի մուտքը բացել, սակայն շենքը շրջափակած գերիների հարազատները  դիմադրել են, ինչի հետեւանքով մի կին է վնասվածք ստացել։ Շտապօգնություն է կանչվել։

Նշենք, որ կեսօրից գերեվարվածների հարազատները հավաքվել էին մարզպետարանի դիմաց. նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հետ հանդիպում։

«Թող գա մեր հարցին վերջապես պատասխանի՝ ե՞րբ է մեր տղաներին վերադարձնելու։ Ինքը հայտարարեց, թե գերիների հարցը լուծված է, ու մինչ օրս ոչ մի լուծում մենք չենք տեսնում։ Ո՞վ է այդ հարցով զբաղվողը, վարչապե՞տը, Պաշտպանության նախարա՞րը, թե՞ այլ մեկը, թող գան, մեզ հստակ պատասխանեն։ Մեր երեխաներին տարան, խաղաղ պայմաններում տվեցին թուրքին գերի, նվեր տվեցին։ Ամբողջ գիշեր էլ կմնան այստեղ, ո՛չ մարզպետը դուրս կգա, ո՛չ էլ մարզպետարանի աշխատակիցները, ինչի՞ մարզպետի արյունը իմ տղայի արյունից կարմիր է, թող ինքն էլ մնա էնտեղ մեկ գիշեր, իմ տղան, որ 4 ամիս Բաքվի բանտում է, թող ինքն էլ մի գիշեր մնա առանց երեխաներին տեսնելու, տեսնենք՝ լա՞վ է էդպես»,– վրդովված ասաց գերեվարվածի մայրը։