Կարելի է ավարտված համարել այն դիսկուրսը՝ արդյոք Թուրքիան և Ադրբեջանը թշնամի են, թե ոչ։ Այո՛, վաղեմի թշնամի են։ Խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պատգամավորը նշեց, որ նրանց գաղափարախոսության հիմնասյունը ոչ միայն Հայաստանի և Արցախի քաղաքական մեկուսացումն է, այլ հայ ժողովրդի ոչնչացումը. «Հենց իրենք են ատելություն գեներացնում մեր նկատմամբ։ Որքան էլ փորձենք չպատասխանել կամ ավելի մեղմ վերաբերվել այդ ամենին, դա ընդամենը իրենց հույս կտա։ Նրանք հասկանում են միայն կոշտ արձագանք»,-ասաց պատգամավորը։

Արման Աբովյանը գործընկերներին հորդորեց չմոռանալ, որ Ռուսաստանի Դաշնությունն է կանգնացրել պատերազմը. «Եկեք չմոռանանք, որ գերեվարվածների վերադարձն այսօր ոչ թե ամերիկյան կամ ֆրանսիական ինքնաթիռներով են կազմակերպվում, այլ ռուսական ինքնաթիռներով։ ՌԴ-ի հետ պետք է ինչքան հնարավոր է խորացնել ու ընդլայնել մեր հարաբերությունները»,-ասաց Արման Աբովյանը։